‘Ռուսաստանի ռազմակայանը Տաջիկստանում կմնա մինչև 2042 թվականը. վարձավճար չի գանձվելու’

989

Ռուսաստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովը և Շերալի Խայրուլոևն այսօր երկու պետությունների ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Էմոմալի Ռահմոնի ներկայությամբ համաձայնագիր են ստորագրել Տաջիկստանի տարածքում ռուսաստանյան 201-րդ ռազմակայանի կարգավիճակի և պայմանների վերաբերյալ: Ինչպես հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, համաձայնագիրը փոխարինում է նույնպիսի փաստաթղթին, որի գործողության ժամկետն սպառվում է  2014 թ.: Նոր փաստաթուղթը Տաջիկստանում ռուսաստանյան զինվորականների ներկայությունը երկարացնում է 49 տարով՝ սկսած առաջին պայմանագրի մեկնարկից (1993 թ. մայիսի 25), այսինքն՝ մինչև 2042 թվականը: Այս ժամկետի ավարտից հետո հնարավոր է համաձայնագրի երկարաձգումը:

Բարձրացվել է նաև ռուսաստանյան ռազմակայանի, նրա անձնակազմի, զինվորականների ընտանիքների անդամների կարգավիճակը: «Դա չափազանց բարձր մակարդակ է, բարձր կարգավիճակ, որը եթե հավասարազոր չէ դիվանագիտականին, ապա առնվազն երկրորդն է իր մակարդակով»,-պարզաբանել է Ուշակովը: Պայմանագրով սահմանվում են նաև օբյեկտների օգտագործման վարձակալության պայմանները: «Նոր փաստաթղթով, փաստորեն, վարձավճար չի գանձվելու»,-պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը:

Աղբյուրը և լուսանկարը՝ ИТАР-ТАСС

Նախորդ հոդվածը‘Համաշխարհային մամուլի առաջին էջերը՝ Ջոբսի մահվան մասին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանի եւ Դարիո Սրնայի հանդիպումը ուսանողների հետ (ֆոտոշարք)’