‘Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել է հայկական բանակում չծառայելու համար’

1806

«Московский Комсомолец» պարբերականը անդրադարձել է  Ռուսաստանի քաղաքացի Ռաֆաել Միքայելյանի պատմությանը, որը ստիպված էր վերադառնալ իր պատմական հայրենիք՝ պապիկի հուղարկավորությանը մասնակցելու համար: Սակայն երիտասարդը այդպես էլ չհասավ իր հայաստանցի հարազատներին, քանի որ Երևան ժամանելուն պես՝ օդանավակայանում, ձերբակալվեց և մեղադրվեց դասալքության մեջ: Ռաֆայելին չի տրամադրվել թարգմանիչ (նա հայերենի չի տիրապետում), չեն թույլատրել, որ նա տուն զանգահարի: Հինգ օր բանտարկվելուց հետո երիտասարդը գրավով ազատ է արձակվում: Այդ ամբողջ ընթացքում ընտանիքը Միքայելյանի մասին ոչ մի տեղեկություն չի ունեցել:

Արդեն մեկուկես ամիս է Ռաֆայել Միքայելյանը գտնվում է Երևանում՝ չհեռանալու մասին ստորագրությամբ: «Դասալքության» համար նրան սպառնում է մինչև հինգ տարի ազատազրկում:

«Московский Комсомолец»-ի թղթակցին հաջողվել է պարզել, որ Ռաֆայելի հայրը խորհրդային տարիներին ծառայել է Բարնաուլ քաղաքում, որտեղ էլ որոշել բնակություն հաստատել զինծառայության ավարտից հետո: Նրա տղան իսկապես ծնվել է Երևանում, սակայն  երեխայի երկու տարեկանը լրանալուն պես ընտանիքը տեղափոխվել է Ալթայ:

Այդ պահից ի վեր Ռաֆայելը Հայաստանում է եղել ընդամենը երեք անգամ:

«Ոչ ես և ոչ էլ հայրս երբեք հայկական անձնագիր չենք ունեցել, Հայաստանում գրանցված չենք եղել: Չեմ հասկանում, թե ինչու են ինձ ձերբակալել և փորձում դատել այստեղի օրենքներով»,- տարակուսում է Ռաֆայելը:

Ռուսաստանի դեսպանատանը, որտեղ նա կարողացել է ընդունելության արժանանալ միայն երկու շաբաթ հետո, նրան բացատրել են, որ դեպքը միակը չէ և չի հակասում Հայաստանի օրենսդրությանը: Բայց մինչ այդ բոլորը մուծել են օրենքով նախատեսված մեծ տուգանքը:

Աբսուրդային է նաև այն, որ Ռուսաստանում Ռաֆայելը ազատված է զինվորական ծառայությունից, քանի որ իր մոտ հայտնաբերվել է սրտի արատ: Սակայն այս հանգամանքը հայկական իրավապահների մոտ վերածվել է ևս մեկ քրեական հոդվածի՝ «Անդամախեղելը, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը»:

Ilur.am-ը ուշադրության կենտրոնում կպահի Ռաֆայել Միքայելանի հետագա ճակատագիրը:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘Դիտահորի փլուզման հետևանքով Մոսկվայում երկու հայ բանվոր է զոհվել’