‘Ռուսաստանյան դատարանը հեռակա կարգով կալանել է Դնեպրոպետրովսկի նահանգապետին’

1465

Մոսկվայի Բասմանյան դատարանն այսօր արտոնել է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի ղեկավար Իգոր Կոլոմոյսկու ձերբակալությունը, փոխանցում է РИА Новости-ն:

Ռուսաստանում գործեր են հարուցվել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի և Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ՝ սպանությունների կազմակերպման և պատերազմ վարելու անթույլատրելի մեթոդների ու միջոցների կիրառման մեղադրանքներով: Նրանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ենթադրվում է, որ մոտ ժամանակներս դատարանը հեռակա ձերբակալության որոշում կկայացնի  Ավակովի նկատմամբ:

Ինչպես РИА Новости-ին հաղորդել է Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի աղբյուրը՝ Կոլոմոյսկին զինադադար հայտարարելու և Ուկրաինայի հարավ-արևելքում անջատականների հետ որևէ շփման մեջ մտնելու մոլի հակառակորդն է:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոյի՝ Դոնեցկի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Կոլոմոյսկին «բացահայտ ասել էր, որ երբեք չի ենթարկվի որևէ հրամանի, և իր բանակը, միևնույն է, ոչնչացնելու է այդ անջատականներին», հաղորդել է գործակալության աղբյուրը:

Իգոր Կոլոմոյսկին Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից է: Ըստ Forbes-ի՝ նրա կարողությունը կազմում է 1,8 մլրդ դոլար: Տեղեկությունների համաձայն՝ նա ֆինանսավորում է Ուկրաինայի հարավ-արևելքում հատուկ գործողությանը մասնակցող մի քանի ռազմական կազմավորումների:

Նախորդ հոդվածը‘ՄԻԵԴ-ը օրինական է ճանաչել Ֆրանսիայում նիկաբ կրելու արգելքը’
Հաջորդ հոդվածը‘Մոլդովա. Դեմ և կողմ՝ եվրաասոցացմանը’