‘Ռուսաստանն առաջարկում է ընդլայնել Սիրիայի հարցով «գործողությունների խումբը»’

764

Մոսկվան հանդես է գալիս Սիրիայի հարցով «գործողությունների խմբի» ձևաչափն ընդլայնելու առաջարկով, մասնավորապես՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Իրանն այնտեղ ընդգրկելու միջոցով, հինգշաբթի РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: «Բնականաբար՝ մենք շարունակում ենք համարել, որ կարելի է  փոքր-ինչ ընդլայնել այդ ձևաչափը (Սիրիայի հարցով «գործողությունների խումբը»)՝ ի հաշիվ այլ ազդեցիկ դերակատարների: Դրանց թվում ես կնշեի Սաուդյան Արաբիան, մի քանի սահմանակից երկրներ՝ Լիբանանը, Հորդանանը, Իրաքը, թեպետ նա ներկայացված էր «գործողությունների խմբում», Եգիպտոսը, ինչպես նաև Իրանը»,- ասել է Բոգդանովը: Նա նաև հիշեցրել է, որ առաջին անգամ գումարելով «գործողությունների խումբը»՝ Մոսկվան ելնում էր նրանից, թե «որքան ազդեցիկ արտաքին ուժեր մեզ հետ կանգնեն նույն հարթակին, այնքան ավելի արդյունավետ կլինեն մեր ջանքերը՝ Սիրիայում արյունալի հակամարտությունը դադարեցնելու և այդ երկրի խնդիրներին կառուցողական, փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ»,- փոխնախարարի խոսքերն է մեջբերում Trend-ը:

2012 թ. հունիսին Ժնևում Սիրիայի հարցով «գործողությունների խմբի» հանդիպմանը մասնակցում էին ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի ղեկավարները, ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Իրաքի, Քուվեյթի, Քաթարի արտգործնախարարները և ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավարը: Ժնևյան հանդիպմանը «գործողությունների խումբը» սահմանեց քաղաքական փոփոխությունների հիմնական սկզբունքները արաբական այդ երկրում:

Նախորդ հոդվածը‘Թե որ տեսնեք Սարգսյանին Վարդենիսի փողոցներում, ասեք նրան՝ Իլհամն ասավ՝ «Հոշ գիդյարսա՜ն, հոշ գիդյարսա՜ն»’
Հաջորդ հոդվածը‘Բահրեյնում ոստիկանության և ցուցարարների բախման արդյունքում կա մեկ զոհ’