Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններ են

486

Ռուսաստանում մեկնարկել են պետդումայի ընտրությունները, որն անցկացվում է խառն ընտրակարգով։

450 պատգամավորների կեսը կընտրվի կուսակցական ցուցակներով, մյուս կեսը՝ միամանդատ ընտրատարածքներից։

Ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն։ Մի քանի թեկնածուների, առաջին հերթին՝ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին, թույլ չի տրվել մասնակցել ընտրություններին վերջերս ընդունված օրենքի հիման վրա, որն արգելում է առաջադրվել այն անձանց, ովքեր կապ ունեն ծայրահեղական կազմակերպությունների գործունեության հետ։

Պետդումայի ընտրությունները կտևեն երեք օր և կավարտվեն սեպտեմբերի 19-ին՝ դա քվեարկության հիմնական օրն է։

Առաջին անգամ խորհրդարանական ընտրություններում թույլատրվել է էլեկտրոնային քվեարկություն, համացանցով կարող են քվեարկել Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք գրանցված են Մոսկվայում, Սևաստոպոլում, Կուրսկի, Մուրմանսկի, Նիժնի Նովգորոդի, Ռոստովի և Յարոսլավլի մարզերում։

Եվ առաջին անգամ՝ սկսած 1993 թվականից, Ռուսաստանի խորհրդարանի ընտրություններն անցկացվում են առանց ԵԱՀԿ դիտորդների։ Համավարակի պատճառով Ռուսաստանը Մարդու իրավունքների և դեմոկրատական ինստիտուտների գրասենյակին առաջարկել է 60 դիտորդի քվոտա՝ պահանջված 500-ի փոխարեն, և Գրասենյակը այդ թիվն անբավարար է համարել ընտրությունները դիտարկելու համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՇևչենկոն կարող է գլխավորել Թուրքիայի հավաքականը
Հաջորդ հոդվածըՃապոնիայում մեկնարկում է ընտրապայքարը