‘Ռուսաստանում հայկական ձկնատեսակի անվան տակ վաճառում են այլ երկրի ձկնամթերք ‘

1995

iLur.am-ը տեղեկացրել էր, որ «Ռոսսելխոզնադզորի» տեղեկատվության համաձայն՝ հայկական իշխան ձկան մեջ աղիքային ցուպինկերի խմբի մանրէներ են հայտնաբերվել և իշխան ձուկը ՌԴ ներկրող «Ակվատեխավտոմատիկա» ՍՊԸ-ին արգելել էր հետագա ներկրումը:
iLur.am-ի հետ զրույցում ՍՊԸ-ի տնօրեն Արկադի Գևորգյանն իր հերթին կասկած էր հայտնել, թե արգելքը միտումնավոր է, և ձուկը իրականում վարակված չի եղել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ գործադիր տնօրեն Արթուր Աթոյանն էլ հաստատեց այդ մտահոգությունը:
iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ըստ Աթոյանի՝ ռուսական կողմը չի ներկայացրել հետազոտության ոչ մի արդյունք և ոչ մի հիմնավորում չունի: Իշխանը նման վիրուսակիր չի կարող լինել, քանի որ նման վիրուսի առկայության դեպքում պարզապես կսատկի:

«Ձկան ապրանքատեսակը, դուրս գալով վաճառքի կետ, ունենում է հատուկ փաստաթուղթ, որում հաստատվում է նորմերի պահմանումը: Ռուսաստանի կողմից նման արգելքից հետո լաբորատոր պայմաններում ուսումնասիրել ենք ձկատեսակների որակը և ոչ մի խախտում չենք հայտաբերել: Բանն այն է, որ մենք բավականին կշիռ ունենք ռուսական շուկայում, մեր հիմնական մրցակիցը Թուրքիան ու Նորվեգիան են: Պարզվել ենք նաև, որ ընդունելու և իրացնելու իրավունքներ ունեցող ռուսական ընկերությունները հայկական անվանացանկի տակ իրացնում են այլ երկրների ձկամթերքներ: Ենթադրում ենք, որ այս ամենը մեր մրցակիցների կողմից կազմակերպված սադրանք է՝ ռուսական շուկայից մեզ իսպառ դուրս մղելու նպատակով»,- ասաց ՀԿ-ի տնօրենը:

Նրա փոխանցմամբ՝ «Յունիֆիշ», «Ակվատեխավտոմատիկա» , «Դմիտրի» և «Գոս» ՍՊԸ-ների կողմից արտահանվող ձկատեսակների նկատմամբ հայտնաբերված խախտումների իրավացիությունը պետք է պարզվի պետությունների մակարդակով:
«Եթե մեզ չհաջողի ապացուցել հայկական կողմի անմեղությունը, ապա կդիմենք միջազգային անկողմնակալ մասնագետների»,- եզրափակեց Արթուր Աթոյանը:

Նախորդ հոդվածը‘Իշխանությանը մոտ կանգնած ուզբեկների շվեյցարական հաշվեհամարներն արգելափակվել են’
Հաջորդ հոդվածը‘Աշխատանքից կազատվի պետական գնումների աջակցման կենտրոնի ողջ ղեկավարությունը ‘