‘Ռուսաստանում ուժի մեջ է մտնում «արտասահմանյան գործակալների» վերաբերյալ օրենքը’

889

Ռուսաստանում շուտով ուժի մեջ կմտնի արտասահմանյան գործակալի գործառույթներ իրականացնող ոչ առևտրային կազմակերպությունների (ՈԱԿ) գործունեությունը կարգավորող դաշնային օրենքը: Այս փաստաթուղթը «արտասահմանյան գործակալի» կարգավիճակ է տալիս  ռուսաստանյան ոչ առևտրային այն  կազմակերպություններին, որոնք զբաղվում են քաղաքական գործունեությամբ և ֆինանսավորվում են արտասահմանից: Օրենքի համաձայն՝ բացի կուսակցություններից՝«քաղաքական» ՈԱԿ-ներ կհամարվեն այն կազմակերպությունները, որոնք «ֆինանսավորում և անցկացնում են քաղաքական ակցիաներ՝ նպատակ ունենալով ազդել պետական կառույցների կողմից ընդունվող որոշումների վրա և ձևավորել որոշակի հասարակական կարծիք »: Նման  կազմակերպությունները պարտավոր են կես տարին մեկ հաշվետվություն ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ: Բացի այդ՝ ՈԱԿ-ն այսուհետև նյութեր տարածելիս պետք է անպայման նշի, որ տվյալ տեղեկությունը հրապարակվում է «արտասահմանյան գործակալի գործառույթներ կատարող» կազմակերպության կողմից: Նաև ստեղծվելու է դաշնային լիազոր մարմին, որը հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման և ահաբեկչությունը ֆինանսավորելու դեմ պայքար մղելու օրենքի շրջանակներում կզբաղվի «արտասահմանյան գործակալների» վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սույն օրենքը ստորագրել է այս տարվա հուլիսի 20-ին: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. ԱԺ արտահերթ նիստի գումարումը օրենքի հրամայական պահանջ է’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը և Հովհաննես Սահակյանը ԱԺ-ում են, բայց նիստին չեն մասնակցի’