‘Ռուսաստանցի գիտնականները առաջին անգամ կուսումնասիրեն մամոնտի գլխուղեղը’

928

Ռուսաստանի Սախայի հանրապետության (Յակուտիա) Գիտությունների ակադեմիայում կանցկացվեն մամոնտի գլխուղեղի առաջին ուսումնասիրությունները, տեղեկացնում է Interfax գործակալությունը: Գլխուղեղը գիտնականների տրամադրության տակ կհայտնվի այն բանից հետո, երբ նրանք  փետրվարի վերջին կբացեն Յակուտիայում հայտնաբերված, Յուկա անունը ստացած մամոնտի ձագի գանգը: Յուկայի փափուկ հյուսվածքները լավ պահպանված են, այն դեպքում, երբ ավելի վաղ հայտնաբերված մամոնտների գլխուղեղը բացակայում էր չորանալու կամ փտելու պատճառով: Հետազոտությունն իրականացնելու են Ռուսաստանի ԳԱ կենսաբժշկական խնդիրների ինստիտուտի, հնեաբանական ինստիտուտի եւ հանրապետական ԳԱ աշխատակիցները:  

Յուկայի՝ մոտավորապես տասը հազար տարի առաջ մահացած երիտասարդ էգ մորթապատ մամոնտի դիակը հայտնաբերվել է 2011-ին՝ Լապտեւների ծովափին գտնվող հավերժական սառույցով պատված գոտում: Հետազոտողները պարզել են, որ Յուկան սատկել է գիշատիչների հասցրած վերքերից: Նախնադարյան մարդիկ կենդանու վրայից հանել են ճարպը, խոշոր ոսկորները, եւ մսի մի մասը, լեշի մնացած մասը թաղել են:

 

 

Նախորդ հոդվածը‘Խորխե Վալդանո. Ժամանակն է, որ Իսկոն փոխի միջավայրը’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր–Պետրոսյանի նոր մարտավարությունը’