Ռուսաստանցի պաշտոնյաներն արձագանքել են Ղրիմի մասին Էրդողանի հայտարարությանը

339

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում ելույթ ունենալիս հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը, ներառյալ՝ անեքսիայի ենթարկված Ղրիմը, որը Թուրքիան չի ճանաչում Ռուսաստանի կազմում։

Էրդողանը նաև նշել է Ղրիմի թաթարների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը։

«Հիշենք ռուսական ասացվածքը․ «Ինչքան էլ հալվա ասես, բերանդ չի քաղցրանա»։ Որքան էլ Էրդողանը ասի, թե Ռուսաստանն անեքսիայի է ենթարկել Ղրիմը, թե իրենք չեն ճանաչում և այլն, դրանից իրավիճակը չի փոխվի։ Էրդողանը պետք է սթափ նայի իրավիճակին և հասկանա, թե որքան կարևոր է Ղրիմը Ռուսաստանի համար։ Ղրիմը դարերով է կապված եղել Ռուսաստանի հետ, այն ռուս մեծ ուղղափառության օրրանն է,- հայտարարել է Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը։- Ինչ վերաբերում է Ղրիմի թաթարների վերաբերյալ մտահոգությանը․ Թուրքիան առանձնապես չէր մտահոգվում ղրիմցի թաթարներով այն ժամանակ, երբ Ղրիմը Ուկրաինայի կազմում էր, երբ նրանք շատ ավելի մեծ խնդիրներ ունեին, որոնք սկսեցին լուծվել միայն Ռուսաստանին միանալուց հետո։ Իսկ Էրդողանն իր այդ հայտարարություններով հակամարտության տրամադրություններ է  բորբոքում ղրիմցի թաթարների շրջանում, ըստ էության՝ չցանկանալով, որ Ղրմում կայունություն հաստատվի, և դա մեզ շատ է անհանգստացնում»։

«Մենք հասկանում ենք, թե ինչ շահեր ունի Թուրքիան Ղրիմի թերակղզու վերաբերյալ։ Եվ դա, ըստ երևույթին, ինչ-որ կարոտախտ է միջնադարյան ժամանակների նկատմամբ։ Սակայն Ղրիմի բնակիչների, այդ թվում՝ ղրիմցի թաթարների որոշումը վերջնական է և անքննելի»,- հայտարարել է Սևաստոպոլից պատգամավոր Եկատերինա Ալտաբաևան։

«Էրդողանը կարող է անձամբ ժամանել Ղրիմ և համոզվել, թե ինչպես է ապրում ու զարգանում բազմազգ Ղրիմը, որտեղ երաշխավորված են բոլոր ժողովուրդների հավասար իրավունքները, այդ թվում՝ ղրիմցի թաթարների»,- հայտարարել է Ղրիմի խորհրդարանի ժողովրդական դիվանագիտության և արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Յուրի Գոմելը՝ հավելելով, թե Անկարան անընդհատ  նույն սխալն է գործում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՉԺՀ-ն և ԱՄՆ-ը պատերազմ չեն ցանկանում
Հաջորդ հոդվածըԽաբարովսկի մարզում Ан-26-ն անհետացել է ռադարներից