‘Ռուսաստանցի վերլուծաբաններ. Ադրբեջանին պատրվակ էր պետք Գաբալայի կայանը փակելու համար’

904

Ռուսաստանի ԱԳՆ-ն պաշտոնապես տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ին այս տարվա դեկտեմբերի 9-ից ադրբեջանական Գաբալա քաղաքի մոտ գտնվող հրթիռային հարձակման նախազգուշական ռադիոտեղորոշիչ համակարգի աշխատանքները դադարեցնելու մասին: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ ռադարը դարձել էր Ադրբեջանի սեփականությունը և 2002 թ. կնքված համաձայնագրով 7,5 միլիոն դոլար տարեկան վարձավճարով վարձակալվում էր Ռուսաստանի կողմից, իսկ ռուսաստանցի աշխատակազմը վերլուծական կենտրոնի աշխատակիցների կարգավիճակ ուներ:

2007 թ. Ռուսաստանը, Լեհաստանում ՀՕՊ դիրքային շրջան ստեղծելու և Չեխիայում ռադար տեղադրելու ՝Բուշի վարչակազմի ծրագրերի կապակցությամբ ԱՄՆ-ի հետ վիճաբանության թեժացման ֆոնին, ամերիկացիներին առաջարկեց օգտագործել Գաբալայի ռադարը՝ հարավից սպառնացող վտանգը գնահատելու նպատակով (պաշտոնապես ԱՄՆ-ը իր ՀՕՊ համակարգերը տեղադրում էր ընդդեմ Իրանի): Իսկ անցյալ տարի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանին առաջարկել էր Գաբալայում կառուցել նոր տիպի՝ «Վորոնեժ-DM» ռադար: Սակայն ադրբեջանական կողմը բանակցությունների ընթացքում առաջ էր քաշել վարձավճարը մինչև 300 միլիոն դոլար բարձրացնելու հարցը, ինչը համեմատելի էր նոր ռադար կառուցելու արժեքին և անընդունելի էր Ռուսաստանի համար, ուստի ռուսաստանյան կողմը տեղեկացրել էր, որ նման պայմաններով չի վարձակալի ռադարը: ՌԴ Պաշտպանության նախարարությանը կից հասարակական խորհրդի անդամ Ռուսլան Պուխովի խոսքերով՝ Ռուսաստանը վնաս չի կրի՝ հրաժարվելով Գաբալայից. ներկայումս կառուցվել և փորձարկման են ենթարկվում ավելի կատարյալ ռադիոտեղորոշիչ համակարգեր Արմավիրում: Ըստ ՊՆ աշխատակցի՝ ադրբեջանական կողմը հազիվ թե առաջնորդվել է պարզապես փող աշխատելու մղումով: Ավելի շուտ՝ դրանով Ադրբեջանն ընդգծել է իր չեզոքությունը ԱՄՆ-ի հանդեպ: Բացի այդ՝ ադրբեջանական իշխանությունները նախատեսում են Գաբալայում զարգացնել զբոսաշրջությունը և զգուշանում են, որ հակահրթիռային ռադարի առկայությունը կարող է վախեցնել զբոսաշրջիկներին, հատկապես՝ հաշվի առնելով  Իրանի հրթիռային ծրագրի շուրջ լարվածության աճը: 

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Ի սկզբանե արտագաղթն էր’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Տիգրան Սարգսյանի, մարդիկ Հայաստանում աղքատ են գիտելիքի պակասից ‘