‘Ռուսաստանցի փորձագետ. Գյումրիի հանցագործությունը հղի է զանգվածային հուզումների շարունակմամբ’

1571

Ակնհայտ է, որ Գյումրիի ողբերգության հետաքննությունը կարող է միայն համատեղ լինել, քանի որ դա թույլ կտա պարզել հանցագործության իրական պատկերը, որում, իրոք, տարօրինակ շատ բաներ կան: Իսկ Պերմյակովի նկատմամբ բաց դատական գործընթացն, անշուշտ, պետք է ընթանա Հայաստանում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, kavkazoved.info-ի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը:

Նշենք, որ Գյումրիում ընտանիքի 6 անդամների սպանությունից հետո արդեն երկու օր շարունակ լարված իրավիճակ է տիրում Հայաստանի ողջ տարածքում: Հասարակությունը պահանջում է Հայաստանի իրավապահ մարմինների լիակատար իրավազորությանը հանձնել սպանության համար մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը:

«Մասնավորապես, ուշադրություն է գրավում ենթադրյալ հանցագործի ցուցադրական դաժանությունը և հանցանշանների ակնհայտ ցուցադրական բնույթը: Իհարկե, քննությունը պետք է տարվի Հայաստանի և Ռուսաստանի տարածքում` մեր երկրների օրենսդրության և երկկողմ համաձայնագրերի համաձայն»,- համոզված է փորձագետը:

Արեշևը նշել է, որ Գյումրիի հանցագործության առնչությամբ ռուսական ԶԼՄ-ների լռությունը` «մի խումբ ֆրանսիացի պոռնոգրաֆների սպանությունից հետո իրենց իսկ հիստերիայի պայմաններում», մեղմ ասած, այնքան էլ գեղեցիկ չէ: Բացատրել այդ լռությունը, նրա կարծիքով, հնարավոր չէ:

«Հակառուսական քարոզչությունը Հայաստանում ձեռք բերեց պակասող խաղաթուղթը, ինչը խիստ տարօրինակ է դարձնում Գյումրիի պատմությունը: Եվ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու պահանջներից հաստատ չեն շահի ոչ Հայաստանը և  ոչ Ռուսաստանը: Այս առումով համատեղ մանրամասն հետաքննության հիման վրա հանցագործության բոլոր մանրամասների բացահայտումն անհրաժեշտություն է»,- համոզված է փորձագետը:

Արեշևն այժմ ամենագլխավորը համարում է կրքերի հանդարտեցումը, քանի որ Գյումրիի հանցագործությունը հղի է զանգվածային հուզումների շարունակմամբ: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Պերմյակովի հարցով Ռուսաստանին դիմելու որոշումը քաղաքական էր’
Հաջորդ հոդվածը‘Գյումրեցի փոքրիկին վիրահատել են 2-րդ անգամ ‘