‘Ռուսաստանցի փորձագետ. Վախենալով ֆինանսների պակասից` Բաքուն գիտակցաբար սրում է իրավիճակը ‘

1245

Ադրբեջանի ղեկավարությունը վախենում է, որ գոյություն ունեցող ֆինանսական պաշարները երկար չեն բավականացնի, և այդ պատճառով գիտակցաբար գնում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը:

Տարեսկզբից շփման գծում և սահմանին հակառակորդի գնդակից 10 հայ զինծառայող է մահացել: Երևանի և Ստեփանակերտի ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, հակառակորդի կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմերի կորուստները: Հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով զոհերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը բացակայում է:

«Արդյունքը ոչ միայն վերջին իրադարձություններն են շփման գծում, այլ նաև անցած տարվա նոյեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի երկնակամարում Մի-24 ուղղաթիռի ոչնչացումը: Իլհամ Ալիևը տնտեսական բարդ իրավիճակում է հայտնվել` նկատի ունենալով Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալների նվազումը և բնական գազի հետ կապված ոչ հեշտ իրավիճակը»,- նշել է փորձագետը:

Եվսեևն ընդգծել է, որ Արևմուտքի ակտիվ աջակցությամբ ածխաջրածնային ռեսուրսների տարանցիկ երկիր դառնալու Ադրբեջանի փորձերն զգալի հաջողությունների չեն բերել: Չլուծված է մնում Կասպիայի կարգավիճակի հարցը, ինչը խիստ դժվարացնում է Թուրքմենստանից Ադրբեջան գազատարի անցկացումը: Ղազախստանից հնարավոր են միայն նավթի մատակարարումները ծովային ճանապարհով, իսկ ադրբեջանական տարածքով իր էներգապաշարների տարանցում Աստանան չի պատրաստվում իրականացնել:

«Այս ամենը Բաքվում հասկանում են, բայց ակնկալել են պահպանել իրենց ֆինանսական բարեկեցությունը` առնվազն մինչև 2020 թվականը: Սակայն, նավթի գների` ավելի քան երկու անգամ անսպասելի անկումը հանգեցրել է արժութային հասույթի կտրուկ նվազման և պետական բյուջեի ձևավորման հետ կապված խնդրի`2015 թ. հունիսին կայանալիք խիստ թանկարժեք Եվրոպական խաղերի անցկացման պայմաններում:

«Այս իրավիճակում Ալիևին անհրաժեշտ է պահպանել մանաթը` կատարելով ստանձնած սոցիալական պարտավորությունները և, որպես հետևանք, ծախսել  Հեյդար Ալիևի հիմնադրամում կուտակված ֆինանսական պաշարները: Սակայն, դրանք առանց այդ էլ մշտապես օգտագործվում են, օրինակ` Լեռնային Ղարաբաղից շուրջ 20 հազար փախստականների կացարանով ապահովելու նպատակով: Էլ ավելի շատ գումար է ծախսվել տարատեսակ պերճաշուք միջոցառումների, օրինակ`2012 թ. Բաքվում «Եվրատեսիլի» անցկացման նպատակով»,- ամփոփել է փորձագետը:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Չգիտեմ՝ ինչ են ուզում Ուորլիքը, Մերկելն ու Ալիեւը, բայց գիտեմ՝ ինչ ենք ուզում մե՛նք’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Միրզոյան. 2015-ը Արցախի համար լինելու է նոր ձեռքբերումների տարի’