‘Ռուսաստան մեկնող հայաստանցիների թիվն ավելացել է 20 %-ով’

1152

2013 թվականին Ռուսաստան է մուտք գործել Հայաստանի 670 հազար քաղաքացի, ինչը 20% գերազանցում է 2012 թվականի ցուցանիշը` 540 հազար: Հայաստանում ՌԴ դեսպանության միգրացիոն քաղաքականության հարցերի աշխատակից Սվետլանա Ստեպանովան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ 2013 թվականի արդյունքներով, ՌԴ տարածքում պատենտներով և թույլտվություններով աշխատող ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է ավելի քան 130 հազ.մարդ, ինչը 4% ավելի է 2012 թվականի ցուցանիշից: Նրա խոսքերով, 2013 թվականին Հայաստանի քաղաքացիների կողմից ՌԴ-ում ձևակերպվել է 37.2 հազար աշխատանքի թույլտվություն և 92.5 հազար պատենտ:

Ստեպանովան ընդգծել է նաև, որ անցյալ տարի ՌԴ մուտքն արգելվել է 23.4 հազար ՀՀ քաղաքացիների համար: Ընդհանուր հաշվով, ԱՊՀ երկրների կտրվածքով այդ ցուցանիշը 2013-ին կազմել է 422 հազ.քաղաքացի: Ներկայումս այն կազմում է 573 հազար:

Դեսպանության ներկայացուցիչը նշել է, որ մուտքի փակման գործընթացը տեղի է ունենում ավտոմատ կերպով, քանի որ ավտոմատ համակարգը թույլ է տալիս նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:

Ստեպանովան նաև ընդգծել է, որ գոյություն ունի ռիսկի մի խումբ, որը կազմում է մոտ 170 հազար ՀՀ քաղաքացի: Նրա խոսքերով, նրանք մուտք են գործել Ռուսաստան, մնացել այնտեղ սահմանված ժամկետից ավելի, այնուհետև դուրս չեն եկել ՌԴ տարացքից, ինչպես նաև չեն ձևակերպել աշխատանքի թույլտվություն:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Նախ իշխանությունը կհեռանա, ապա՝ մնացածը’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Կոնգրեսի նպատակն է` գործարարի ազատագրման հեղափոխությունը Սերժ Սարգսյանի օլիգարխիայի դեմ’