Ռուսաստան – G7

391

«Մեծ յոթնյակի» երկրները երբեք չեն ճանաչի այն սահմանները, որոնք Ռուսաստանը փորձում է հաստատել ռազմական ագրեսիայի ճանապարհով։

Այս մասին ասվում է «Յոթի խմբի» համատեղ հայտարարության մեջ՝  Գերմանիայի հյուսիսում  այդ երկրների ԱԳՆ ղեկավարների եռօրյա բանակցությունների արդյունքներով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնումը և աղքատ երկրներում սննդամթերքի ճգնաժամը։

«Մենք չպետք է միամիտ լինենք․ հացահատիկի ճգնաժամը և վրա հասնող սովը պատերազմով պայմանավորված բացասական հետևանքներ չեն սոսկ։ Դա հիբրիդային պատերազմի՝ գիտակցաբար ընտրված գործիք է, որն ընթանում է հենց հիմա։ Ռուսաստանը նոր ցնցումների համար հիմքեր է ստեղծում, որպեսզի միտումնավոր կերպով թուլացնի Ռուսաստանի ագրեսիան դատապարտող միջազգային հանրությանը»,- հայտարարել է ԳԴՀ արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանին մեկուսացնելու փորձերը դատապարտված են ձախողման, և շեշտել է Չինաստանի, Հնդկաստանի, Ալժիրի և Պարսից ծոցի երկրների հետ կապերի կարևորությունը։

«Կոլեկտիվ Արևմուտքը մեզ տոտալ հիբրիդային պատերազմ է հայտարարել, և դժվար է ասել, թե ինչքան դա կտևի, բայց հստակ է, որ հետևանքները կզգան բոլորը՝ առանց բացառության։ Մենք ամեն ինչ արել ենք՝ բախումներից խուսափելու համար, բայց քանի որ մարտահրավերը նետված է, մենք, իհարկե, այն ընդունում ենք»,- հայտարարել է Լավրովը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՌԴ–ն կորցրել է իր ցամաքային զորքերի գրեթե մեկ երրորդը
Հաջորդ հոդվածըԻ պատասխան G7-ի՝ Մեդվեդևը «կատակել է»