‘«Ռուսթավի-2»-ի հիմնադիրին մեռած են գտել’

999

Ռուսաստանում Վրաստանի նախկին դեսպան և «Ռուսթավի-2» հեռուստատեսության համասեփականատեր Էրոսի Կիցմարիշվիլիին երեքշաբթի մահացած են գտել Թբիլիսիի կենտրոնում իր տան մոտ:

Ինչպես հաղորդել է Վրաստանի գլխավոր դատախազությունը, Կիցմարիշվիլիի դիակը հայտնաբերվել է իր ավտոմեքենայում՝ գլխին հրազենային վնասվածքով: «Նաև հայտնաբերվել է հուլիսի 15-ին նրա անունով գրանցված հրազեն, որից էլ, ենթադրաբար, կատարվել է կրակոցը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ: Դատախազությունից հայտնել են, որ գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, սակայն  այլ վարկածներ նույնպես քննվում են:

Մինչդեռ Կիցմարիշվիլիի ծանոթներն ու մտերիմները միանգամից կասկածելի են համարել ինքնասպանության վարկածը: Նրանցից մեկը լրագրողներին հայտնել է, որ նույն օրը ցերեկը խոսել է Կիցմարիշվիլիի հետ և արտառոց ոչինչ չի նկատել: Ավելին, նախկին դիվանագետը խոսել է իր ապագա ծրագրերի մասին, այդ թվում՝ նոր հեռուստաալիք բացելու վերաբերյալ:

Կիցմարիշվիլին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մերձավոր զինակիցն էր համարվում, իսկ «Ռուսթավի-2-ը», որոշ քաղաքագետների կարծիքով՝ 2003 թ. «Վարդերի հեղափոխության» շարժիչ ուժն էր:

2008 թ. մինչև դիվանագիտական հարաբերությունների խզումը նա նշանակվել էր Վրաստանի դեսպանը Ռուսաստանում: Սակայն 2008 թ. պատերազմից հետո Էրոսի Կիցմարիշվիլին հեռացավ Սաակաշվիլիի կառավարությունից՝  Վրաստանի իշխանություններին մեղադրելով պատերազմը չկանխելու համար: Ավելի ուշ նա հարեց ընդդիմությանը:

Վրաստանում ոմանց կողմից «Վարդերի հեղափոխության» կերտողը համարվող Կիցմարիշվիլին, սակայն, քաղաքականության մեջ չկարողացավ մեծ հաջողությունների հասնել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կիևը մտադիր է պարզել Մոսկվայից Հայաստանի մաքսատուրքերի հարցը’
Հաջորդ հոդվածը‘Քննիչը չարաշահել է իր պաշտոնեական դիրքը ‘