‘«Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խումբն առաջին անգամ այցելել է Հայաստան (լուսանկարներ)’

893

«Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խումբը հունվարի 10-ին առաջին անգամ այցելել է Հայաստան:

Խումբը մեկնում է Բահրեյն` մասնակցելու միջազգային ավիաշոուին, որը կընթանա հունվարի 16-18-ը: «Ռուսկիե վիտյազի» խումբն առաջին անգամ է Հայաստանում, և ես, որպես «Էրեբունի» ավիացիոն բազայի հրամանատար, կցանկանայի, որպեսզի նման թռիչքները լինեն պլանային և կանոնավոր, ինչը լավ կլիներ ինչպես պիլոտաժային խմբի,  այնպես էլ Երևանի բնակիչների համար», — նշել է գնդապետ Ալեքսանդր Պետրով:

Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում, ուր ժամանել է խումբը, նախատեսվում էր նաև ավիացիոն խմբի բարձրագույն պիլոտաժի տարրերի բացառիկ ավիացուցադրություն, որը չի կայացել եղանակային վատ պայմանների պատճառով: Սակայն, գնդապետ Ալեքսանդր Պետրովը հույս է հայտնել, որ 10 օր անց, երբ պիլոտաժային խումբը տուն թռչի, Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան դիտելու «Ռուսկիե վիտյազիի» վարպետությունը:

«Ռուսկիե վիտյազի»-ն Ռուսաստանի ռազմաօդային ուժերի բարձրագույն պիլոտաժի ավիացիոն խումբ է և սահմանել է մի շարք համաշխարհային ռեկորդներ: Խումբը ձևավորվել է 1991 թվականին: Խմբային և անհատական պիլոտաժ է կատարում Սու-27Պ և Սու-27ՈՒԲ բազմաթիրախ կործանիչներով: «Ռուսկիե վիտյազին» միակ պիլոտաժային թիմն է աշխարհում, որը խմբային բարձրագույն պիլոտաժ է կատարում «ծանր կործանիչ» կարգի ինքնաթիռներով, և ինքնաթիռները սերիական նմուշներ են: Խումբը բոլոր ռուսական և բազմաթիվ օտարերկրյա ավիասրահների  մշտական մասնակից է: 

Նախորդ հոդվածը‘Մանկական բանահյուսությունը որպես ուղիղ ճանապարհ’
Հաջորդ հոդվածը‘Երևանում հարձակում է տեղի ունեցել դրամի փոխանակման կետի վրա ‘