‘Ռուստամ Իբրահիմբեկովը մարտահրավեր է նետում Իլհամ Ալիևին’

1020

Մայիսի 7-ին Բաքվում տեղի ունեցավ Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի հիմնադիր ժողովը: ԱԽ-ի կազմում ընդգրկվեցին ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և մշակույթի գործիչներ: ԱԽ-ի նախագահ ընտրվեց հայտնի դրամատուրգ և կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը, որը խորհրդային կինո է մուտք գործել որպես հանրահայտ «Անապատի սպիտակ արևը» ֆիլմի սցենարի հեղինակ: Ներկայում Իբրահիմբեկովն ապրում է Մոսկվայում և չի կարողացել անձամբ ներկա գտնվել ժողովին, քանի որ նրա հայրենիքում այժմ նրա ղեկավարած՝ Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության դեմ քրեական գործ է հարուցվել հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով: Իբրահիմբեկովն այդ գործը կապում է իր քաղաքական գործունեության հետ՝ նշելով, որ այդ հարձակումն իր դեմ սկսվեց հենց այն բանից հետո, երբ ընդդիմության ներկայիս առաջնորդն առաջին հայտարարություններն արեց այս տարվա աշնանը  կայանալիք նախագահական ընտրություններին ընդդիմության մասնակցության վերաբերյալ:

Այստեղ հարկ է նշել, որ Իբրահիմբեկովի քրեական հետապնդմանը նախորդել էր Ադրբեջանի իշխանական ԶԼՄ-ներում նրա դեմ ծավալված արշավը, որի ընթացքում դրամատուրգը մեղադրվում էր, մասնավորապես, այն բանի համար, որ նրա ղեկավարած ԱԿՄ-ն 2009 թ. «Արևելք-Արևմուտք» կինոփառատոնին հրավիրել էր մասնակցելու նաև հայազգի կինոռեժիսորներ Ռոման Բալայանին և Ռուդիկ Ավանեսյանին: Հայաստանի հետ փաստացիորեն պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանում նման մեղադրանքներն ավելի լուրջ են, քան հարկերը չվճարելու մեղադրանքն է:

Ուշագրավ է, որ քրեական գործի վերաբերյալ իշխանության մեկնաբանությունները հրապարակվեցին Իբրահիմբեկովի՝ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցի հետ միաժամանակ, որում դրմատուրգը խոսել էր ԱԽ-ի ստեղծման և ընդդիմության կողմից նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու մտադրության մասին: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ եթե «ընտրությունները հերթական անգամ կեղծվեն», ապա երկրում «սոցիալական բունտ» տեղի կունենա: Ինչ վերաբերում է ընդդիմության միասնական թեկնածուի հարցին, ապա ԱԽ-ի նախագահի պաշտոնում Իբրահիմբեկովի միաձայն ընտրությունից հետո քչերն են կասկածում, որ եթե նա որոշի առաջադրվել (դեռ տարեսկզբին նա հայտարարել էր, թե քաղաքական հավակնություններ չունի), ապա ընդդիմությունը կպաշտպանի նրան:

ԱԽ-ի Հռչակագրում ընդդիմությունն արձանագրել է իր անելիքները՝ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում: Իլհամ Ալիևի հակառակորդները խոստանում են նախագահական ընտրություններից հետո երկամյա ժամկետում անցկացնել խորհրդարանական ընտրություններ՝ մեծամասնական-համամասնական ընտրակարգով և կուսակցական հիմունքներով, ընդունել նոր սահմանադրություն, որը կնախատեսի իշխանության ապակենտրոնացում, կրճատել նախագահի իրավասությունները և կառավարությունը ձևավորել խորհրդարանական մեծամասնության միջոցով: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա այստեղ շեշտը դրվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հեռանկարով:

Ադրբեջանի ընդդիմության կարծիքով՝ 2009 թ. անցկացված հանրաքվեն, որի արդյունքում սահմանադրությունից հանվեց այն օրենքը, ըստ որի՝ միևնույն անձը չի կարող երկու ժամկետից ավելի զբաղեցնել նախագահի պաշտոնը, կեղծված է: Բայց եթե անգամ համարենք, որ հանրաքվեն միանգամայն օրինական է , ասում է Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը, ապա նույնիսկ այդ դեպքում սահմանադրական օրենքի փոփոխությունը կարող է տարածվել միայն հաջորդ նախագահների վրա, քանի որ օրենքի ընդունման պահին Ալիևն արդեն օգտագործել էր երկու անգամ առաջադրվելու իր հնարավորությունը:

Ալիևի կողմնակիցները չեն կասկածում, որ նա առաջիկա ընտրություններում կհաղթի հենց առաջին փուլում, և ընդդիմության բոլոր փորձերը՝ գործող իշխանության երկաթբետոնե կառույցը քանդելու ուղղությամբ, դատապարտված են ձախողման: Ընդ որում՝ դրա համար նույնիսկ հարկ չի լինի դիմել ոստիկանական մահակների օգնությանը: Իր համար ապահովելով նախագահի պաշտոնում անթիվ անգամ առաջադրվելու հնարավորությունը և ունենալով ածխաջրածնի հսկայական պաշարներ, ինչը կարելի է որպես վահան օգտագործել Արևմուտքի քննադատական հարձակումների դեմ՝ Ալիևը բոլոր հնարավորություններն ունի դառնալու թուրքմեն Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պես մեկը: Իսկ սա երևի Կասպից ծովի մյուս ափից նայում է Ադրբեջանին ու տարակուսում՝ ընդդիմությո՞ւնս որն է:

Պյոտոր Բոլոգով

Lenta.ru

Նախորդ հոդվածը‘Ընտանեկան բռնության ենթարկված կինը դիմել է ՄԻՊ-ին’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» պատրաստ է Կավանիի համար վճարել 63 միլիոն եվրո’