‘Ռուս փաստաբանը պաշտպանել է նախապայմանո՞վ. Պարզաբանում է Օմբուդսմենը ‘

1426

Ինչպես հայտնի է՝ Հրաչյա Հարությունյանը պաշտոնական նամակ է գրել եւ խնդրել, որպեսզի նրա շահերը պաշտպանեն այլ դատական պաշտպաններ: Այդ թվում` Ռուբեն Մարգարյանը և Վլադիմիր Անիսկինը:

Ինչպես պարզաբանել է նրա արդեն նախկին փաստաբան Ալեքսանդր Մալցևը` այդ որոշումը, դատելով ամեն ինչից, կայացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո: 

Այսօր galatv.am-ը զրուցել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ: Զրույցի մանրամասները ներկայացնում ենք ամբողջությամբ:

-Պարոն Անդրեասյան, ճի՞շտ է տեղեկությունը, որ Դուք շահագրգռված եք եղել, որպեսզի Հրաչյա Հարությունյանը հրաժարվի նախկին փաստաբաններից, եթե այո, ապա ինչո՞ւ:

-Ուղղակի ավելի որակյալ եւ ճիշտ կառուցված փաստաբանական  պաշտպանության խնդիր կար, եւ իմ այցի հիմնական նպատակներից եւ արդյուքներից մեկը փաստաբանական թիմը ավելի հզորացնելն էր, եւ նոր փաստաբանների ներգրավմամբ, վստահ եմ, որ կունենանք ավելի արդյունավետ պաշտպանություն:

 -Հավաստի՞ են արդյոք տեղեկություններն այն մասին, որ նախկին փաստաբաններից  Ալեքսանդր Մալցևի կողմից Հարությունյանի շահերի պաշտպանության նախապայմաններից մեկն է եղել Ռուսաստանի հայերի միության կողմից զոհվածների ընտանիքներին 1 միլիոն ռուբլի և տուժածների ընտանիքներին 500 հազար ռուբլի վճարելը:

-Միգուցե ինքն այդպիսի մտքեր է ունեցել, բայց երբ նա օգնել ու սատարել է  Հրաչյային եւ համաձայնություն է տվել Հրաչյային պաշտպանելու, նա որեւէ նախապայման, իմ տեղեկություններով, դրած չի եղել, եւ ընդհանրապես փաստաբանները պայմաններ չեն դնում իրենց պաշտպանյալների առաջ, որպեսզի որեւէ մեկին պաշտպանեն, եւ կարծում եմ, որ հենց այդպիսի խոսակցությունների բացառման համար է, որ Ռուբեն Մարգարյանը եւ իր թիմը կներկայացնեն Հրաչյային, եւ ես շատ ավելի ապահով եմ զգում այդ թիմի պաշտպանության պարագայում:

 -Պարոն Անդրեասյան, ամեն դեպքում՝ հնարովո՞ր է, որ դատավարությունից հետո, եթե Հրաչյա Հարությունյանը մեղավոր ճանաչվի, արվի այնպես, որ նա պատժի մնացած մասը կրի Հայաստանում:

 -Նախ, ուզում եմ, որ  ի սկզբանե չարագուշակ կանխատեսում չանենք, որ անպայման Հրաչյան պետք ճանաչվի մեղավոր այս ամեն ինչում: Նախ՝ նրա մեղքը ճանաչված չէ, եւ հարգելով անմեղության կանխավարկածը՝ եկեք չշտապենք եւ նրան արդեն չդատապարտենք պատժի կրման: Իսկ  ինչ վերաբերում է նրան, որ եթե իսկապես վերջում որոշվի, որ նա մեղավոր է եւ պետք է կրի ազատազրկմամբ պատիժ, ապա արդեն այդ ժամանակ կարող են մեր համապատասխան մարմինները՝ հատկապես արդարադատության նախարարությունը, միջոցներ ձեռնարկել, որպեսզի եթե նա դատապարտվի, ապա պատժի մնացած մասը նա կրի Հայաստանում:

-Այսօր արդեն որոշակի հրապարակումներ կան այն մասին, որոնք գրեթե ապացուցում են, որ այս գործում Հրաչյա Հարությունյանը արել է ամեն ինչ, եւ նա մեղավոր չէ խոշոր հաշվով: Խոսքը բեռնատարի տեխնիկական վիճակի մասին է եւ այլն…

-Դրանք բոլորը ենթադրություններ եւ ինչ-որ մասով սպեկուլյացիաներ են, որովհետեւ ոչ ոք հիմա ճշգրիտ տեղեկություն չգիտի…Մինչեւ չլինեն փորձաքննության արդյունքները, ես կարծում եմ՝ կոռեկտ չեն նույնիսկ ենթադրությունների մակարդակով այդ քննադատությունները: Սպասենք փորձաքննության արդյուքների ավարտին, դրանք առայժմ ընթացքի մեջ են, եւ դրանից հետո արդեն կարելի է որոշակի ստույգ խոսել նման երեւույթների մասին:

-Որքանո՞վ է ապահով Հրաչյա Հարությունյանի գտնվելու վայրը: Կան տեղեկություններ, որ նա գտնվում է հայազգի հեղինակությունների հովանավորության տակ:

-Հայ ազգությունը անընդհատ շեշտելը ինձ համար մտահոգիչ է: Ես կարող եմ ասել, որ այն պահի դրությամբ նա ամեն ինչով ապահովված է, եւ գոնե այսօր, քանի դեռ չենք ստացել հակառակը պնդող տվյալներ, կարծում եմ՝ շարունակում է լինել ապահով վայրում: Քանի որ մեր դեսպանության աշխատակիցները շարունակում են հետեւել Հրաչյայի ե՛ւ առողջական, ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ նյութական վիճակին, եւ քանի որ չենք ստացել ահազանգ եւ անհանգստություն, շարունակում ենք կարծել, որ նա նույն վիճակում է, ինչ ես տեսել եմ, այսինքն՝ բավականին բարվոք է նրա վիճակը:

Այսինքն՝ այստեղ կապ չունի՝ նա հայերի հետ է, վրացիների, թե ռուսների, կարծում եմ, որ մի բան չի կարող նրան անհանգստացել կամ վտանգել:

 

 

Նախորդ հոդվածը‘Իրանը 875 միլիոն եվրոյի պայմանագիր է ստորագրել՝ Արազ (Արաքս) գետի ջրերը դեպի Ուրմիո լիճ ուղղելու վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Դատախազությունն իր 95-ամյակի համար ծախսել է մոտ 33 մլն դրամ ‘