‘Ռևանշիզմ և նախագահի անլիարժեքության բարդույթ. Սերժ Սարգսյանը նորից վրիպել է’

2141

Հիշո՞ւմ եք 2008 թվականի ապրիլի 9-ը: Սերժ Սարգսյանի երդմնակալությունը: Երևանի՝ ամբողջովին դատարկված ու ոստիկաններով շղթայված փոքր կենտրոն, դատարկ փողոցներ, և ինքը Ազատության հրապարակով պահակազորի կողքով միայնակ քայլում էր դեպի օպերայի շենք, որտեղ պետք է տեղի ունենար բուն երդմնակալությունը: Նրա միակ ուղեկիցը, չգիտես որտեղից՝ քամուց քշվող ցելոֆանե դատարկ մի տոպրակ էր, որը մերթ նրա ոտքերի տակ ընկնելով, մերթ գլխավերևում պտտվելով ՝ խորհրդանշում էր վիճակի ողջ զավեշտալի ողբերգականությունը։

Ազատության հրապարակը քայլքով անցնելու նպատակը մեկն էր՝  ցույց տալ, որ ինքը քայլելով անցնում է «կրակի այն օջախով», որտեղ տասն օր ժողովուրդն էր՝ իր հակառակորդը, որ չէր ընդունում հրապարակված արդյունքները, չէր ընդունում իրեն՝ որպես նախագահ։ Դա ցուցադրական  քայլք էր, որով պարտված Սերժ Սարգսյանը փորձում էր հոգեբանական վրեժ լուծել իրեն հաղթած ժողովրդից։ Այն ժամանակ, թերևս, Սերժ Սարգսյանը չէր հասկանում, որ ինքն այդպես մենակ էլ մնալու է՝ եթե չհաշվենք, որ բազմապատկվելու էր միայն Ազատության հրապարակով «հաղթանակի» իր քայլերթն ուղեկցող ցելոֆանե դատարկ տոպրակների թիվը։ Բայց Սերժ Սարգսյանը դա կարող էր և պետք է կանխատեսեր՝ մի շատ պարզ պատճառով: Նա, որ մենակ էր իրականում, մինչ այսօր էլ, ըստ էության, շարունակում է մնալ այն քաղաքական մենակը, ով այդպես էլ չկարողացավ դառնալ որևէ տիպի լիարժեք առաջնորդ:

Անլիարժեք բռնապետը

Ակնհայտ էր, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ժառանգորդն ի սկզբանե հույս ուներ, որ հեշտությամբ ստանալով իշխանությունը՝ երկիրը պետք է տաներ բռնապետության խորացման ուղղությամբ: Սակայն Սերժ Սարգսյանի բոլոր պլանները խախտվեցին այն պահից, երբ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Այո, առնվազն տասը զոհերի, հարյուրավոր վիրավորների և քաղբանտարկյալների գնով Սերժ Սարգսյանին հաջողվեց խլել քաղաքական հաղթանակը, խլել ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանից, այլ ժողովրդից։ Սակայն այդ փախցրած հաղթանակը   Սերժ Սարգսյանն այդպես էլ չկարողացավ մարսել: Այդ հաղթանակը մնաց Սարգսյանի կոկորդում, նա անընդհատ ստիպված էր ինչ-որ մանր, իր համար «անդուր» քայլերի ու զիջումների գնալ՝ ամբողջը չկորցնելու համար, ինչն էլ չէր թողնում, որ Սարգսյանն իրեն զգա լիարժեք բռնապետ: Սերժ Սարգսյանի կառավարման տարիների գրեթե ողջ ընթացքում քաղաքական դաշտի կանոնները, օրակարգը թելադրում էր ընդդիմությունը, և դա, անշուշտ, չէր կարող չնյարդայնացնել շախմատի կանոններն իմացող, սակայն լավ շախմատիստ լինելուց շատ հեռու Սարգսյանին: Նա գիտեր խաղի կանոնները, բայց նրա բոլոր քայլերը ընդդիմության համար հեշտությամբ կանխատեսելի էին: Հենց այդ պատճառով էլ Սերժ Սարգսյանն ընտրեց պայքարի ու պատասխանի միակ, իր համար մատչելի ձևը՝ նա բոլոր ռեսուրսները նետեց ընդդիմությունը մասնատելու ճակատ: Ընդդիմությանն, իհարկե, ամբողջությամբ մասնատել Սարգսյանին չհաջողվեց, սակայն, որոշ բեկորներ պոկել, անկասկած, ստացվեց: Թե ինչ մեթոդներով՝ դա, իհարկե, այլ հարց է: Կարևորն այն է, որ հինգ տարի Ս. Սարգսյանը ձգտեց, բայց չկարողացավ դառնալ կատարյալ ու լիարժեք բռնապետ։ Դա դարձավ նրա անլիարժեքության բարդույթի կարևոր մի բաղադրիչը:

Անլիարժեք բարեփոխիչը

Առաջին իսկ օրվանից հանրապետականները ցանկանում էին Սերժ Սարգսյանին ներկայացնել որպես բարեփոխիչ. մարդ, ով ազատականացնում է մեդիա դաշտը, տնտեսական համակարգը, դատաիրավական համակարգը, ու մյուս բոլոր ոլորտներին շնչելու հնարավորություն է տալիս: Ինքը՝ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ վերջին համագումարում ասում էր նույն բանը: Նա ասում էր, թե իրեն հաջողվել է կատարել այն խոստումները, որոնք տվել էր 2008-ի ընտրություններից առաջ: Ամբողջ 5 տարի «աշխատվել էր» Սերժ Սարգսյանի՝ բարեփոխիչի կերպարի ստեղծման վրա: Սակայն այդ ամենի տակը բացարձակ դատարկ էր, այդ ամենն ընդամենը իմիտացիա էր: Սերժ Սարգսյանը, օրինակարգության սուր պակասով, առանց հասարակական աջակցության, չէր կարող բարեփոխել որևէ ոլորտ: Նա նստած էր այդ ճյուղի վրա, որը բարեփոխումների տրամաբանությամբ պետք է կտրվեր առաջինը։ Հետևաբար՝ ինքն էլ հասկանում էր, որ այն պահից, երբ երկրում իրական բարեփոխումներ սկսի, ինքը կամ այլևս նախագահ չի լինի, կամ էլ նույնիսկ ավելի վատ զարգացումներ կարող են լինել՝ տարատեսակ հանցանքներում մեղսակից լինելու մեջ մեղադրանքներ ստանալու տեսքով: Իհարկե, տեսակետներ կան, թե ԱՄՆ-ի և Եվրոպայի աջակցությամբ Սերժ Սարգսյանը կարող էր սկսել, այսպես կոչված, «վերևից բարեփոխումներ»՝ առանց ժողովրդի շրջանում վստահություն և օրինակարգություն ունենալու՝ ՌԴ-ից առավել հեռանալու գնով: Իրականում, սակայն, դրանք միֆեր են, քանի որ անգամ ամենահզոր երկրների և կենտրոնների աջակցությամբ Սերժ Սարգսյանը չի կարող հրաժարվել Հայաստանում ունեցած իր միակ և վերջին հենարանից: Որևէ բնագավառում բարեփոխում անելու անկարողությունը դարձավ նրա անլիարժեքության հաջորդ բաղադրիչը։

Պաշտոնի անլիարժեքության բարդույթ

Եթե ուշադիր հետևենք Սերժ Սարգսյանի  հրապարակային գործունեությանը, ապա կարելի է նկատել, որ հրապարակային շփումներում վերջինս հոգեբանորեն կա՛մ կատարյալ մեկուսացած է լինում ներկաներից, կա՛մ էլ  այդ շփումներում կեղծ ուրախության, կեղծ ինքնավստահության, կեղծ ինքնատիրապետման նշաններ է ցույց տալիս: Ակնհայտ է, որ մարդկային-հրապարակային շփումներից Սարգսյանը դիսկոմֆորտ, անհարմարություն է զգում: Ընդ որում՝ դիսկոմֆորտի այդ դրսևորումները շատ չնչին, աննկատելի էին նրա՝ ՊՆախարար եղած ժամանակ։ Վերջին հինգ տարիներին դրանք ուղղակի աչք են ծակում: Սա ցույց է տալիս, որ նա ինքն իր տեղում չի զգում, հասկանում է, որ այդ պաշտոնը, մեղմ ասած, իր հագով չէ, նա չի զգում իրեն «իր ափսեում», նա բարդույթավորվում է, և դա նկատելի է: Նա տառապում է նախագահի անլիարժեքության բարդույթով:

Անլիարժեք ռևանշիստը

Վերջին հինգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը, բնականաբար, ձգտել է մի բանի՝ կատարյալ ամայացնել քաղաքական դաշտը, բերել այն 2007-ից առաջ տիրող իրավիճակին: Նա այդ նպատակի համար չի խնայել ոչինչ՝ ո՛չ ֆինանսներ, ո՛չ ադմինիստրատիվ ռեսուրսը, ո՛չ պատժիչ մեխանիզմները: Վախից ու անլիարժեքության նույն բարդույթով թելադրված, ազարտի մեջ՝ նա նախագահական առաջիկա ընտրություններում այսօր հասել է մի վիճակի, երբ իր հետ նախագահական ընտրություններում «առաջադրված», ավելի ճիշտ՝ իր կողմից առաջադրած (գուցե՝ բացառությամբ մեկի) թեկնածուների խայտառակ «հասարակությունը», մեղմ ասած, նախանձելի է։ Թվում է, թե Սարգսյանը հասել է իր նպատակին: Նա «ընտրվելու» խնդիր չունի։ Բայց արդյո՞ք իրականում այդպես է: Իրականում Ս. Սարգսյանն իր նպատակին չի հասել: Այո, նա ցանկացել է 2013-ին ռևանշ վերցնել 2008-ից, նա ցանկացել է, որ այս անգամ ինքն այնպես կարգվի նախագահ, որ 2008-ից իր մեջ առաջացած անլիարժեքության բարդույթը վերանա: Բայց անլիարժեքության բարդույթով թելադրված մոլուցքի մեջ նա այնքան է տարվել իր այդ idea fix-ով, որ հասել է 2008թ. ապրիլի 9-ի աննախանձելի վիճակին դեռ ընտրություններց երկու ամիս առաջ՝ միայնակ խրոխտ քայլք՝ ամայության մեջ, այս անգամ արդեն՝ քամուց ծածանվող ցելոֆանե մի քանի տոպրակների ուղեկցությամբ։ Այսինքն՝ արդեն իսկ տապալվել է նրա հետապնդած ՝ իրեն իրական հաղթող զգալու, և հակառակորդների՝ իրոք պարտված լինելու գերխնդիրը: Տապալվել է նրա մտադրությունը՝ այս նախագահական ընտրությունները քաղաքական ուժերի և պայքարի համար ռուբիկոն  դարձնել` կամ այս կողմ, կամ` այն կողմ, քանի որ ընդդիմությունը, ըստ էության, բոյկոտելով խեղկատակության հասցված ընտրությունները՝ հասկացրեց, որ դա իր համար ոչ ռուբիկոն է, ոչ էլ որոշիչ ճակատամարտ, որ իրական ճակատամարտի տեղն ու ժամը ինքը կնշանակի, որտեղ արդեն ադմինիստրատիվ առավելություններն ու ընտրակեղծարար մեքենան ոչնչով չեն կարող օգնել նրան:  

Հ.Գ. Սարգսյանի պլանը տապալվեց: Սարգսյանը նորից մնաց մենակ, մի կողմից՝ ՀՀ քաղաքացիների, մյուս կողմից՝ միջազգային ուժերի հետ: Ու կեղծում են բոլոր նրանք, ովքեր Սերժ Սարգսյանի մնալ-չմնալու հարցը փորձում են կապել ԵՄ-Եվրասիական Միություն, ՌԴ-ԱՄՆ երկընտրանքի հետ. չընտրված նախագահը երկիրը որևէ տեղ չի կարող տանել: Իսկ պայքարը ոչ միայն շարունակվում է, այլև՝ այն դեռ նոր թափ է ստանում:

Պարգև Ապրեսյան

Նախորդ հոդվածը‘Հունվարի 9-ը կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է (ֆոտոռեպորտաժ Փարաջանովի թանգարանից)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան չի փոխի Հայաստանի սահմանը բացելու վերաբերյալ իր դիրքորոշումը’