Սաակաշվիլիին տեղափոխել են զինվորական հոսպիտալ

631

Բանտում հացադուլ հայտարարած Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտային հիվանդանոցից տեղափոխել են Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ։

Սաակաշվիլին համաձայնել է դադարեցնել հացադուլը։

«Նա համաձայն է Գորիի հոսպիտալ տեղափոխվել և այնտեղ հասնելուց հետո անմիջապես կդադարեցնի հացադուլը»,- լրագրողներին հայտնել է Սաակաշվիլիի փաստաբանը։

Սաակաշվիլիի տեղափոխման մասին հայտնի է դարձել Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության հերթական ակցիայի ֆոնին։ Ցուցարարների գլխավոր պահանջը Սաակաշվիլիին քաղաքացիական բազմապրոֆիլ հիվանդանոց տեղափոխելն էր։

Ճեպազրույցում, որն սկսվել է ընդդիմության ցույցին զուգահեռ, արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ զինվորական հոսպիտալ տեղափոխելը իշխանությունների առաջարկն է, որն իրականացնելու համար անհրաժեշտ է Սաակաշվիլիի համաձայնությունը։ Նախարարի խոսքով՝ Գորիի զինվորական հոսպիտալն ընտրվել է, որովհետև այնտեղ Սաակաշվիլիի անվտանգությունը և առողջությունն առավելագույն պաշտպանված են։ Բրեգաձեն նշել է, որ Ստրասբուրգի դատարանը Սաակաշվիլիին հորդորել է դադարեցնել հացադուլը։ Ընդ որում՝ նախարարը զգուշացրել է, որ տեղափոխումը խանգարելու փորձերի կամ սադրանքների դեպքում  նրան կվերադարձնեն բանտի հիվանդանոց։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուս․ Ավստրիան լիակատար լոքդաուն է հայտարարում
Հաջորդ հոդվածըՓաթելը մտադիր է ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել ահաբեկչական կազմակերպություն