‘Սաակաշվիլիին և նրա կողմնակիցներին մեղադրել են խոշոր չափի մսխումների մեջ ‘

897

Վրաստանի նորանշանակ ֆինանսների նախարար Նոդար Խադուրին նախկին իշխանությանը մեղադրել է խոշոր չափի մսխումների մեջ:

«Մենք ուսումնասիրել ենք ստեղծված իրավիճակը և եզրակացրել, որ պետական բյուջեից ահռելի գումարներ են մսխվել: Անհրաժեշտ ենք համարում հատուկ քննություն անցկացնել՝ պարզելու համար, թե ինչպես և ինչի վրա են ծախսվել այդ գումարները»,- հայտարարել է նախարարը Վրաստանի նորաստեղծ կառավարության անդրանիկ նիստի ժամանակ:

Խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է, որոնք դուրս են գրվել նախագահ Սաակաշվիլիի և նախկին կառավարության վերահսկողության տակ գտնվող հիմնադրամներից և ծախսվել զվարճանքների վրա, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում կատարելով Վրաստանի պետական համակարգի իր տեղեկատվական աղբյուրի խոսքերին:

Վրաստանի նորաստեղծ կառավարությունը ստեղծել է «նախկին ռեժիմի հանցագործությունների» հարցերով զբաղվող հանձնաժողով, որը պատրաստվում է մանրակրկիտ հետազոտության ենթարկել բյուջեի ելումուտը ու խոշոր հիմնադրամների հաշվետվությունները: 

Նախորդ հոդվածը‘2013 թվականին առողջապահության ոլորտին կտրամադրվի 70.276.4 մլն դրամ ‘
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. ԱՊՊԱ-ն պետական բիզնես է՝ այլակերպված մասնավոր շուկայի’