‘Սաակաշվիլիի նկատմամբ կարող են քրեական գո՞րծ հարուցել’

1341

Երեկ «Իմեդի» հեռուստատեսության եթերում  Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կան բազմաթիվ գործեր, որոնց համար նախագահ Սաակաշվիլին հավանաբար պատասխան կտա իրավապահ մարմինների առջև: Իվանիշվիլին  այս առնչությամբ հիշեցրել է նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան կասկածելի հանգամանքների մասին:

Հարցին, թե քրեական գործ կհարուցվի՞ նախագահ Սաակաշվիլիի նկատմամբ, Իվանիշվիլին պատասխանել է. «Ես  կառավարության ղեկավարն եմ և շատ զգուշավոր եմ, որպեսզի չանեմ կտրուկ հայտարարություններ, ես կսահմանափակեմ ինձ շատ ընդհանրական հայտարարություններով: Բնականաբար, նրա նկատմամբ ևս հարցեր կան, և բնական է, որ եթե ես հիմա ասեմ, որ նման հավանականություն չկա, դա բացառվում է՝ դա սուտ կլիներ, և ոչ մեկը չէր հասկանա, որ եթե նախկին վարչապետը (Վանո Մերաբիշվիլին) բանտում է, եթե պաշտպանության նախկին նախարարը (Բաչո Ախալայան) բանտում է, եթե մյուս պաշտպանության նախարարին (Դավիդ  Քեզերաշվիլուն) ձերբակալեցին Փարիզում, եթե հետապնդվում է նախկին գլխավոր դատախազը (Զուրաբ Ադեիշվիլին), և հետապնդվում են այլ պաշտոնյաներ, իսկ ոմանց նկատմամբ էլ հարուցված են քրեական գործեր, բնականաբար հարցեր կան նաև Սահակաշվիլիի հետ կապված»,- հայտարարել է Իվանիշվիլիլին:

Լրագրողի պարզաբանող հարցին, թե արդյոք վարչապետը բացառո՞ւմ է Սաակաշվիլիի նկատմամբ քրեական հետապնդման հնարավորությունը, Իվանիշվիլին պատասխանել է՝ «իհարկե՝ չեմ բացառում»:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե կարո՞ղ է արդյոք Զուրաբ Ժվանիայի մահը դառնալ Սաակաշվիլիի նկատմամբ քրեական գործի հարուցման պատճառ, Իվանիշվիլին նշել է. «Իհարկե, դա ևս կարող է դառնալ, շատ այլ հարցեր ևս կարող են դառնալ դրա պատճառ»: Բայց նաև հավելել է. «Ես որևէ ցանկություն չունեմ, որ իմ նախագահին հարցաքննեն կամ, ավելի վատ՝ բանտարկեն: Դա վատ է երկրի իմիջի համար: Բայց դա իմ որոշելիքը չէ, և ես չեմ կարող միջամտել, նամանավանդ, որ շուտով հեռանում եմ քաղաքականությունից»:

Նշենք, որ «Վրացական երազանք» դաշինքի՝ իշխանության գալուց հետո Վրաստանի գլխավոր դատախազությունը 2012թ. նոյեմբերին վերաբացեց Զուրաբ Ժվանիայի մահվան առնչությամբ հարուցված քրեական գործը և առանց որևէ մանրամասն հայտնելու՝ պարբերաբար հայտարարում է, որ հետաքննության հարցում կա առաջընթաց, փոխանցում է Грузия-Online-ն:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի Օնիշչենկոն հեռանում է’