‘Սաակաշվիլին Զելենսկուն խնդրել է իրեն վերադարձնել Ուկրաինայի քաղաքացիությունը’

1177

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմին է հանձնել Սաակաշվիլիի նամակը՝ իրեն Ուկրաինայի քաղաքացիությունը վերադարձնելու խնդրանքով:

«Բոլոր իրավաբանները պնդում են, որ ինձ ուկրաինական քաղաքացիությունից զրկելն ապօրինի է, քանի որ Ուկրաինայի սահմանադրության համաձայն՝ չի կարելի զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից, իսկ միջազգային իրավունքի համաձայն՝ չի կարելի մարդուն թողնել առհասարակ առանց քաղաքացիության»,- ասվում է Սաակաշվիլիի նամակում, որը նրա փաստաբանը հանձնել է մայիսի 22-ին: Ընդ որում՝ Սաակաշվիլին նշել է, որ իրեն «որևէ պաշտոն կամ արտոնություն հարկավոր չէ»:

Սաակաշվիլին նաև նշել է, որ եթե Զելենսկին ինչ-որ կասկածներ ունենա իրեն Ուկրաինայի քաղաքացիությունը վերադարձնելու նպատակահարմարության վերաբերյալ, ապա կարող է հանձնարարություն տալ պետական սահմանապահ ծառայությանը, որպեսզի ինքը կարողանա մուտք գործել Ուկրաինա և անձամբ դատարանում պաշտպանի իր իրավունքները:

2017 թ. հուլիսին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն իր հրամանագրով Սաակաշվիլիին զրկել էր ուկրաինական քաղաքացիությունից, երբ նա ԱՄՆ-ում էր:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՊՀ ռեկտորը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալն» ու «Չելիսին» ՈւԵՖԱ-ին կվերադարձնեն Բաքվում կայանալիք ԵԼ-ի եզրափակչի ավելի քան 6000 տոմս’