‘Սաակաշվիլին պատմել է, թե «ինչ արժե» պետական հեղաշրջումն Ուկրաինայում’

11349

Ուկրաինայի պետական դատախազությունում կարծում են, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին պետական հեղաշրջման համար չի հերիքել 210 հազար դոլար: Այդ մասին քաղաքական գործիչն ինքն է հայտարարել News One ալիքի եթերում:

«Այսինքն՝ դուք պարզել եք, որ Ուկրաինայում իշխանությունը տապալելն արժե 210 հազար դոլա՞ր: Եվ դուք դա թաքցրե՞լ եք մեզնից: Լավ է, որ այստեղ տեսախցիկներ կան, գուցե մարդիկ հանգանակեն ու հավաքեն այդ 210 հազար դոլարը»,- այսպես է Սաակաշվիլին պատասխանել դատախազներին: Նա հավելել է, որ եթե իշխանափոխությունը, «գների իջեցումը, որպեսզի մարդիկ այլևս չհեռանան երկրից, որպեսզի երկիրը փոխվի ու սկսի արագ զարգանալ»՝ այդ ամենը հենց այդքան արժե, ապա այդ գումարը կարելի է հայթայթել:

Սաակաշվիլիին 10 տարվա ազատազրկում է սպառնում պետական հեղաշրջման փորձի համար: Ընդ որում՝ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ հեղաշրջման փորձի և այն ֆինանսավորելու մեջ կասկածում է ոչ թե անձամբ Սաակաշվիլիին, այլ նրա աջ ձեռքը համարվող Սևերիոն Դանգաձեին, որին դեկտեմբերի 5-ին պետական դավաճանության և հանցախմբի անդամների հետ համագործակցելու մեղադրանք է ներկայացվել: Գլխավոր դատախազության տվյալներով՝ հենց Դանգաձեն է գործարար, միլիոնատեր Սերգեյ Կուրչենկոյի շրջապատի կողմից ստացել 500 հազար դոլար:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վարչապետը հանձնարարել է բարեկարգել մեծ քաղաքների մուտքերը’
Հաջորդ հոդվածը‘Անկարա. Թուրքիան հավատարիմ է Ցյուրիխյան արձանագրությունների դրույթներին, եթե…’