Սաակաշվիլին տեղափոխվել է բանտի հիվանդանոց

383

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը վրացական բանտում շարունակում էր հացադուլը, տեղափոխվել է Թբիլիսիի բանտային հիվանդանոց։ Վրաց իշխանությունները նշել են, որ դա արել են՝ քաղաքական գործչի առողջության վատթարացումը թույլ չտալու համար։ Իսկ Սաակաշվիլին ինքն ասում է, որ իրեն խաբեությամբ են տեղափոխել։

«Ինձ քարշ էին տալիս մազերից բռնած, ես, բնականաբար, դիմադրում էի, ճիշտ այնպես, ինչպես և հիվանդասենյակում, երբ ինձ ինչ-որ քրեական բուժանձնակազմ էր մոտենում, և ես իսկապես հրել եմ նրանց, որովհետև ինչ-որ բան էին ինձ ներարկում՝ առանց իմ թույլտվության»,- պատմել է Սաակաշվիլին Facebook-ում հրապարակված իր ուղերձում։

Սաակաշվիլին հացադուլ է անում արդեն 40 օր, և այն, որ նրա վիճակն օրեցօր վատանում էր՝ ասում էին նրա փաստաբանները և անձնական բժիշկը։ Սաակաշվիլիի կողմանակիցները և փաստաբանները, սակայն, պահանջում էին նրան տեղափոխել ոչ թե բանտային հիվանդանոց, այլ քաղաքացիական կլինիկա։ Նրանց կարծիքով՝ բանտի հիվանդանոցում նրան լիարժեք բուժօգնություն ցուցաբերել չեն կարող, այնտեղ նա հոգեբանական ճնշման է ենթակա, իսկ անվտանգությունը սպառնալիքի տակ է։

Սաակաշվիլին ասել է, որ հրաժարվում է ցանկացած բժշկական միջամտությունից և համաձայն է հանդիպել միայն իր անձնական բժշկի հետ։ «Իմ տեղափոխության նպատակը, միանշանակ, ինձ ֆիզիկապես ոչնչացնելն է Պուտինի հրահանգով», — գրել է Սաակաշվիլին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀրահանգել են «Թալիբանը» ներկայացնել մեղմ ձևակերպմամբ
Հաջորդ հոդվածըՍկսվել է մոլագար դիապաշտի հանցագործությունների անկախ հետաքննությունը