Սաակաշվիլի․ «Ես չեմ հանդուրժի կոռուպցիա բառն իմ ազգանվան կողքին»

552

Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել դատական նիստ՝ բյուջետային միջոցների մսխման վերաբերյալ գործով, որի համար մեղադրում են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։

Վրացական դատարանն այդ գործը քննում է դեռ 2010 թ․ կեսերից, սակայն առաջին անգամ դատավարությունը տեղի է ունենում գլխավոր մեղադրյալի մասնակցությամբ։

«Անարդարություն ես չե՛մ հանդուրժի, վիրավորանքներ ես չե՛մ հանդուրժի, «կոռուպցիա» բառի հիշատակումը Սաակաշվիլի ազգանվան կողքին ես չե՛մ հանդուրժի»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին դատարանի դահլիճում։

Սաակաշվիլիի համար Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարի հաջողությունները միշտ հպարտանալու առիթ են եղել։ Սակայն 2014 թ․, նրա նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո, դատախազությունը հենց նրան մեղադրեց պետական միջոցները վատնելու մեջ։ Մեղադրանքի համաձայն՝ խոսքը ավելի քան 9 մլն լարիի (մոտավորապես 2,9 մլն դոլար) մասին է, որոնք Սաակաշվիլին ծախսել է անձնական կարիքների համար։ Որպեսզի այդ ծախսերը հայտնի չդառնան հանրությանը, մեղադրանքի վարկածով՝ դրանք գրանցվել են «գաղտնի» կնիքի տակ, իսկ դրանով զբաղվել է պետական պահպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան, որը նույնպես անցնում է որպես մեղադրյալ այս գործով։

Մեղադրյալների պաշտպանական կողմը պնդում է, որ խոսքը նախկին նախագահի ներկայացուցչական ծախսերի մասին է, և այդ մեղադրանքն ընդամենը Սաակաշվիլիի դեմ գործող իշխանությունների կողմից տարվող  «սև փիառի» մասն է։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՏիխանովսկայան՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում
Հաջորդ հոդվածըԼեւոն Զուրաբյան. Մարգարեական կանխատեսմամբ Վանոն զգուշացնում էր խաղաղության այլընտրանքի կործանարար հետեւանքների մասին