‘Սաակաշվիլի. Մի բան է վարչապետի խոսքը, և մի այլ բան՝ վրաց ժողովրդի կամքը’

959

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերթական անգամ շեշտել է, որ վրաց ժողովրդի ընտրությունը Եվրոպային ինտեգրվելն է, և ոչ մի դեպքում պետք չէ շրջվել դեպի այլ երկրներ և այլ կազմակերպություններ: Այդ մասին Սաակաշվիլին հայտարարել է նյույորքյան այցելության ընթացքում՝ մեկնաբանելով Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հայտարարությունն այն մասին, թե ԵՄ-ն կպայքարի Ուկրաինայի և Մոլդովայի համար, բայց ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկրի նոր իշխանությունը հետաքրքրված է թե՛ ԵՄ-ով և թե՛ Եվրասիական միությունով: «ԵՄ նախագահի հայտարարությունն անհանգստացնում է մեզ: Չգիտեմ, թե ինչի մասին է խոսել վարչապետը Դալիա Գրիբաուսկայտեի հետ, բայց մենք մեր կողմից պարզաբանում ենք, որ մի բան է՝ ինչ է ասում վարչապետը, և մի այլ բան՝ վրաց ժողովրդի կամքը: Իսկ վրաց ժողովրդի կամքը Եվրոպային ինտեգրվելն է: Ոչ մի դեպքում չի կարելի շրջադարձ կատարել դեպի այլ երկրներ, քանի որ վրացիներն ուկրաինացիներից և մոլդովացիներից պակաս չեն ուզում ինտեգրվել Եվրոպային: Սա ևս մի օրինակ է, որ չի կարելի վազել ամեն ինչի հետևից: Այդ դեպքում քեզ դուրս կնետեն արահետից, ու դու կհայտնվես՝ սատանան գիտի, թե որտեղ»,- Грузия-online-ի փոխանցմամբ՝ ասել է Սաակաշվիլին:

Նախորդ հոդվածը‘«Աշ-Շաբաբը» հայտարարել է, որ Քենիայի առևտրի կենտրոնում սպանվել է 137 պատանդ’
Հաջորդ հոդվածը‘Արածեցրեք Աստծո հոտը ոչ թե պիղծ շահասիրությամբ, այլ՝ հոտին օրինակ լինելով’