‘Սալվադորի նախկին նախագահը ներկայացել է դատարան’

817

Սալվադորի նախկին նախագահ Ֆրանսիսկո Ֆլորեսը, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել՝ 10 միլիոն դոլար հափշտակելու մեղադրանքով, կամովին ներկայացել է դատարան, երեկ հաղորդել է Associated Press-ը:

Ֆլորենսն իր փաստաբանի հետ ժամանել է մայրաքաղաք Սան-Սալվադորեի դատարան: Դատավորի որոշմամբ՝ դատաքննության ողջ ընթացքում նախկին նախագահը կգտնվի տնային կալանքի տակ՝ իր շքեղ առանձնատանը, որտեղ նրա նկատմամբ շուրջօրյա հսկողություն է սահմանվել:

Դատարանի շենքից դուրս գալով՝ նախկին նախագահը հայտարարել է, որ հանձնվել է արդարադատությանը, «քանի որ հարգում է օրենքը»:

Ֆրանսիսկո Ֆլորեսը Սալվադորի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1999-2004 թթ.: 10 միլիոն դոլարի տնտեսական օգնությունը, որը հափշտակելու մեջ մեղադրվում է նախկին նախագահը, 2003 թ. վերջին Սալվադորին էր տրամադրել Թայվանը: Սալվադորի գործող նախագահ Մաուրիսիո Ֆունեսը պնդում է, որ այդ օգնությունը բանկային շղթայի միջոցով փոխանցվել է Ֆլորեսի անձնական հաշվեհամարներին:

Նախկին նախագահը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2014 թ. ապրիլին, կտրականապես հերքում է այդ մեղադրանքը՝ իր հետապնդումն անվանելով քաղաքական: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Վարչապետ ունենք՝ աշխարհը չունի’
Հաջորդ հոդվածը‘Իրաքը Թեքսասի դատարանից կրկին պահանջում է կալանք դնել Իրաքյան Քուրդիստանից ստացված նավթի խմբաքանակի վրա’