‘Սախարովի մրցանակը հանձնվել է պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային ‘

692

Պակիստանցի աշակերտուհի և իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային այսօր հանձնվել է Անդրեյ Սախարովի «Հանուն մտքի ազատության» մրցանակը, որն ամեն տարի շնորհում է Եվրախորհրդարանը: Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն անձամբ է հանձնել մրցանակը Մալալային՝ նրան անվանելով հերոսուհի և մարտիկ: 16-ամյա դափնեկիրն իր մրցանակը նվիրել է  Պակիստանի «մոռացված հերոսներին» և կոչ է արել կրթությունը մատչելի դարձնել երեխաների համար: Սախարովի մրցանակը հանձնվում է 1988 թվականից, հանուն մարդու իրավունքների պայքարում ունեցած ավանդի համար, դափնեկիրներն ստանում են մրցանակ՝ 50 հազար եվրոյի չափով:

Այս տարի Սախարովի մրցանակի հավակնորդների ցանկում են եղել բելառուսցի երեք ընդդիմադիր գործիչներ՝ Ալես Բելյացկին, Էդուարդ Լոբովը և Նիկոլայ Ստատկևիչը, որոնք ձերբակալվել էին 2010 թ. Մինսկում զանգվածային բողոքի ցույցի ժամանակ և մինչ օրս բանտում են: Այդ ցուցակում էր հայտնվել նաև ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը, որը հրապարակել էր արևմտյան երկրների կառավարություններին լրտեսելու ծրագրերի մասին տեղեկատվությունը:

Մինչդեռ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ինչպես նաև՝ թուրք պարող Էրդեմ Գյունդյուզը և Ստամբուլում «Կանգնած մարդ» ակցիայի նրա հետևորդներն այդ ցուցակում չեն ընդգրկվել:

Անցյալ տարի Սախարովի մրցանակին արժանացան ճաղերի ետևում գտնվող իրանցի այլախոհները՝ փաստաբան և իրավապաշտպան Նասրին Սոտուդեհը և ռեժիսոր Ջաֆար Փանահին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Սիրիական քիմիական զենքը կարող է ոչնչացվել միջազգային ջրերում’
Հաջորդ հոդվածը‘QS վարկածով՝ ուսանողական լավագույն քաղաքներն են Փարիզը, Լոնդոնը և Սինգապուրը’