‘Սակագին՝ Միշիկի համար. Մամուլ’

2266

Լոռու մարզում, Դեբեդ գետի վրա տասնյակ տարիներ առաջ կառուցվել էր «ՁորաՀԷԿ» կոչվող հիդրոէլեկտրակայանը: Իր տեխնիկական բնութագրերով սա համարվում էր մեր հիդրոէներգետիկայի «ադամանդներից» մեկը՝ հզոր, չափազանց ցածր ինքնարժեքով էլէներգիա արտադրող կայան: Տարիներ առաջ այս ՀԷԿ-ը հայտնվեց Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում: ՀՀ կառավարության որոշմամբ, չգիտես ինչ պատճառաբանությամբ՝ ՀԷԿ-ը տրվեց պաշտպանության նախարարությանը: Նախարարը այդ ժամանակ Սերժ Սարգսյանն էր: Հետո ՀԷԿ-ի հետ տեղի ունեցան իրավաբանական մետամարֆոզներ: Ամբողջ գույքը չնչին գներով վաճառվեց մի ինչ-որ «Ձորագետ ՍՊԸ»-ի: Ու ստացվեց, որ այդ հրաշք ՀԷԿ-ը ֆիզիկապես պատկանում է «Ձորագետ ՍՊԸ»-ին, իսկ իրավաբանորեն պատկանում է պաշտպանության նախարարությանը:

2011 թվականին կառավարությունը ՊՆ-ի նախաձեռնությամբ լուծարեց «ՁորաՀԷԿ»–ը եւ այդ հիդրոէլեկտրակայանը դարձավ «Ձորագետ» ՍՊԸ-ի լիակատար սեփականությունը։ Այստեղ ամենաուշագրավն այն է, որ քանի դեռ ՀԷԿ-ը պատկանում էր ՊՆ-ին, պետությունն այդտեղ արտադրված էլէներգիայի յուրաքանչյուր կվտ.ժամը գնում էր 3-6 դրամով։ Հենց այն դարձավ «Ձորագետ» ՍՊԸ-ի սեփականությունը, նրանից մեկ կվտ.ժամը սկսեցին գնել 24 դրամով։ Եւ ուրեմն՝ ինչո՞ւ են որոշել մոտ 8 անգամ թանկացնել «Ձորագետից» գնվող էլէներգիայի գինը՝ ճիշտ այդքանով մեծացնելով դրա սեփականատիրոջ եկամուտները։ Ո՞ւմ է այն պատկանում, որ այդպիսի լավություն են անում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ «Ձորագետը» պատկանում է Սերժ Սարգսյանի ընտանիքին, ավելի կոնկրետ՝ փեսային՝ Միքայել Մինասյանին։ Այս լուրերը երբեք չեն հերքվել, բայց եւ որեւէ կոնկրետ ապացույց այս մասին չկա։ Սակայն կա մի փաստ, որը գրեթե ուղղակիորեն ապացուցում է այդ պնդումը։ «Ձորագետ» ՍՊԸ-ի գրանցման իրավաբանական հասցեն, ըստ այդ ընկերության տարեկան հաշվետվության, Երեւանի Գ. Նժդեհի 56/2 հասցեն է։ Իսկ ի՞նչ կապ ունի այս հասցեն Միքայել Մինասյանի հետ։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ նույն հասցեում է գտնվում Սան Մարինոյի գլխավոր պատվավոր հյուպատոսի «նստավայրը»։ Եւ հիմա կռահեք, թե ով է Սան Մարինոյի պատվավոր, այն էլ գլխավոր հյուպատոսը։ Հենց նույն Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսան։ Այս խնդիրն առանձնակի արդիականություն է ստանում հենց այս օրերին։ Նաեւ այս մի օրինակով է բացատրվում, թե ինչու ենք մենք՝ սպառողներս, այդքան թանկ վճարում մեր սպառած էլէներգիայի դիմաց։ Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագների հարցը եւ ամենայն հավանականությամբ՝ հենց այսօր էլ կկայացնի որոշում։ Նախատեսվում է գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի սակագինը բնակչության համար սահմանել 156 դրամ՝ գործող 132-ի դիմաց, իսկ մեկ կիլովատ ժամ էլէներգիայի գինը՝ 38 դրամ, գործող 30-ի դիմաց։ Եթե գազի սակագնի բարձրացման հարցը ինչ-որ կերպ լինում է բացատրել նրանով, որ Ռուսաստանը բարձրացրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը, ապա էլեկտրաէներգիայի թանկացումը 8 դրամով տրամաբանական բացատրություն չունի։ Ո՞րն է խնդիրը։ Հայաստանում արտադրվող էլէներգիայի մոտ 40 տոկոսն է միայն արտադրվում գազ սպառող ջերմակայաններում։ Մնացածն արտադրում էն հիդրոկայանները եւ ատոմակայանը։ Վերջիններիս արտադրած էլէներգիայի ինքնարժեքի վրա գազի սակագնի բարձրացումը բոլորովին չի ազդում։ Ամենապարզ հաշվարկը ցույց է տալիս, որ գազի 18 տոկոս թանկացումը կհանգեցնի էլէներգիայի 2-3 դրամով, կամ 8-10 տոկոսով թանկացմանը։ Այնինչ, էլէներգիան նախատեսվում է թանկացնել 8 դրամով կամ 27 տոկոսով։ Ինչպես երեւում է վերը բերված օրինակից, էլէներգիան 8 դրամով թանկանալու է այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը ավելի շատ եկամուտ է ուզում ստանալ։ 

«Հայկական ժամանակ»

Նախորդ հոդվածը‘Նավասարդ Կճոյանը «Բենթլիի», վերջերս ձեռք բերած հեծանիվի և Սերժ Սարգսյանի մասին (հարցազրույց)’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Ստեփան Դեմիրճյանի ծննդյան օրն է (շնորհավորական)’