‘Սակավաջրության պատճառով մեծացել է ջրօգտագործողների շահերի բախումը ‘

1021

ՀՀ կառավարությունը սակավաջրություն է հայտարարել Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ավազանային կառավարման տարածքներում, տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:  

ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվել է նշված տարածքներում խմելու և ոռոգման նպատակով ջրամատակարարում ապահովել նոր կամ այլընտրանքային աղբյուրներից: Նշվում է, որ բնապահպանության նախարարը պարտավոր է սահմանափակել և չափավորել նշված տարածքների ջրօգտագործման ծավալներն ու ռեժիմները, գյուղատնտեսության նախարարը` ձեռնարկել Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսությունների կիսափակ ջրամատակարարման համակարգի պիլոտային ծրագրերի ներդրման անհրաժեշտ քայլեր և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկություն ներկայացնել ՀՀ կառավարություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը` նույն տարածքներում օդերևութաբանական վերլուծության արդյունքում երաշտի նախապայմանների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել կառավարություն:

Ջրի անբավարարության պատճառով մեծացել է ջրօգտագործողների շահերի բախումը, ինչը բացասական ազդեցություն է գործում ստորջրյա ջրային պաշարի ճնշումային անկման վրա` հատկապես ջրապահանջի բավարարման ժամանակ:

Շահագրգիռ քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ ջրօգտագործողներին հուզող որոշ խնդիրներ չեն արտացոլվել կառավարության որոշման նախագծում: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է խորհրդակցություն հրավիրել և ևս մեկ անգամ քննության առնել սակավաջրության և երաշտի հետևանքով ստեղծված վիճակը, գտնել համապատասխան լուծումներ, տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:

 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Բավարիան» հաղթեց «Մանչեսթր Սիթի»-ին, «Ռոման» խփեց 5 գոլ, «Պորտուն»՝ 6 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բնապահպանության նախարարությունը բնությունը գայլերից «մաքրողներին» կպարգեւատրի’