‘Սահակաշվիլին մեկնաբանել է Երեւանում կատարած Իվանիշվիլիի հայտարարությունները ‘

1222

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին տագնապալի է անվանել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Աբխազիայի միջոցով Ռուսաստանի հետ երկաթգծային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ Երևանում կատարած հայտարարությունը: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցները, Սահակաշվիլին մամլո ասուլիսում նշել է, որ Իվանիշվիլիի այդ հայտարարությունը մի քանի տագնապալի տարրեր է պարունակում:

«Առաջինն այն է, որ այդ հայտարարությունն ընդհանրապես չի դիտարկում աշխարհաքաղաքական և ռազմավարական շահեր: Երկաթգիծը, որն անցնում է Աբխազիայի տարածքով, ճանապարհ է, որն ավելի վաղ Ռուսաստանի միջոցով Վրաստանը կապում էր Եվրոպայի հետ: Այն բավականին հնամաշ երկաթգիծ է: Այն ժամանակ մենք չունեինք այլ երկաթգիծ, բայց այն բանից հետո, երբ Ռուսաստանն արգելափակեց այդ ճանապարհը, մենք Ադրբեջանի հետ կառուցեցինք նոր, ավելի արագընթաց, ժամանակակից Կարս-Ախալքալաք երկաթգիծը: Համապատասխանաբար, այսօր Վրաստանի համար որևէ անհրաժեշտություն չկա վերակագնելու այդ երկաթգծային մագիստրալը: Այս երկաթգծի գործարկումը Ռուսաստանին ձեռնտու է ընդամենը մեկ պատճառով՝ Ախալքալաքի երկաթգիծը հանդիսանում է տրանսսիբիրյան երկաթգծի մրցակիցը: Այդ երկաթգիծը բեռների տեղափոխման համար է՝ Չինաստանից և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, և մեր երկաթգիծը մեծ սպառնալիք է ստեղծում դրա համար»,- ասել է Վրաստանի նախագահը:

Նրա խոսքով՝ երկրորդ տագնապալի տարրն Իվանիշվիլիի հայտարարության մեջ այն է, որ Ռուսաստանն այդ երկաթգծի գործարկմամբ ցանկանում է «օրինականացնել Աբխազիայի բռնազավթումը»: «Այսօրվա պայմաններում, երբ «Ռուսական երկաթուղիներ»-ն իրենով է արել աբխազական երկաթգիծը և համաձայնագրով ղեկավարում է նաև հայկական երկաթգիծը, նմանատիպ գործողություններով տեղի է ունենում Աբխազիայի օկուպացիան: Այդ ծրագիրը հարցականի տակ է դնում Վրաստանի անկախությունը, ապագան և գործում է ոչ վրացական շահերից ելնելով»,- ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահը նաև ընդգծել է, որ Վրաստանը ցանկանում է Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ: «Մենք շատ բան ենք արել, որպեսզի հայկական բեռներն անցնեն Վրաստանի տարածքով: Մենք դրա համար շատ բան ենք արել Փոթիում, այդ քայլերի շրջանակում է նաև Լազիկի նավահանգստի կառուցումը, որպեսզի բեռները շարժվեն նաև Հայաստանի ուղղությամբ: Այդ նպատակով մենք բացեցինք նաև Լարսը: Մենք երբեք չենք փորձել մեկուսացնել Հայաստանին, սակայն մեկ բան է Հայաստանի հետ ունենալ լավ հարաբերություններ, մեկ այլ բան՝ նպաստել Ռուսաստանի ռազմավարական ծրագրին»,- մեջբերում է Վրաստանի նախագահի խսքերն «Արմենպրեսը»:

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ ներկայում Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի գործարկման հնարավորությունն ավելի մեծ է, և այդ ուղղությամբ կատարվում են քայլեր:

Նախորդ հոդվածը‘«Եվրատեսիլ 2013». Հայաստանը հանդես կգա նախավերջինը` 2-րդ կիսաեզրափակիչում ‘
Հաջորդ հոդվածը‘Ալժիրի բանակն ազատագրել է 600 պատանդների’