‘«Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ-ն չի պատրաստվում մտնել բովանդակային քննարկման մեջ» (Տեսանյութ)’

1515

Այսօր «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունեցել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ քննարկումներ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը iLur.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ սահմանադրական բարեփոխումների բովանդակությանը՝ նշելով, որ հիմնական շեշտն այն է, որ այս պահին սահմանադրական բարեփոխումների ժամանակը չէ, եւ չկա այդպիսի հասարակական պահանջ:

Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը իր հերթին նշեց, որ այս քննարկումը առաջարկելով` փորձ է արվում ձևավորել խիստ արհեստական օրակարգ, որը կապ չունի ժողովրդի իրական օրակարգի հետ: «Ես բազմիցս ասել եմ, որ մեր երկրի պրոբլեմը ոչ թե օրենքներն են, այլ գործող Սահմանադրության չգործելը, որը սպասարկում է այս կամ այն թիմի շահը: Մենք բոլորս պետք է ընդունենք, որ այսօր գոյություն չունի վստահության մթնոլորոտ, իսկ նման լրջագույն փոփոխությունների կարող է գնալ այն իշխանությունը, որը ունի հանրային վստահություն: Զրոյական այս վստահության պայմաններում ուղղակի անթույլատրելի է փորձել արհեստական օրակարգ ներմուծել եւ ժողովրդի ուշադրությունը շեղել հիմնական, հրատապ օրակարգից:  ԲՀԿ-ն չի մտել բովանդակային քննարկման մեջ եւ չի էլ պատրաստվում մտնել, քանի որ մենք կարծում ենք, որ սա արհեստական օրակարգ ձեւավորելու փորձ է»,- նշեց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Անգլիայի ֆուտբոլիստներին արգելել են լողալ ծովում’
Հաջորդ հոդվածը‘Զինվորների սպանության կապակցությամբ Կասպրչիկը հրավիրվել է ՊՆ’