‘Սահմանադրական բարեփոխումներ չեմ ուզում՝ դիր ջեբս’

2982

Համբոն Գիքորին քաղաք էր տանում
Բազազ Արտեմին ծառա էր տանում,
Չէր ուզում, չէր ուզում, քաղաք չէր ուզում,
Գիքորը չէր ուզում, քաղաք չէր ուզում

Տեսեք-տեսեք՝ ինքը սահմանադրական փոփոխություն չի ուզում, ինքը չի ուզում, սիրտը չի ուզում, նույնիսկ ինքը չի եղել նախաձեռնողն այդ փոփոխությունները սկսելու գործընթացի, ավելին, ինքը ոչ միայն չէր ցանկանում, այլեւ որոշակի կասկածներ ուներ, վստահ չէր, կամուկացի մեջ էր: Բայց դե ինքը Հայաստանը գերժողովրդավարական երկիր է դարձրել, եւ այդ երկրում իր կամքից անկախ ստեղծված հանձնաժողովը եկել՝ իրեն փաստի առաջ է կանգնեցրել, թե բա՝ էդքան արել ես էս երկրի համար, էդքան ժողովրդավարացրել ես, դե կանգ մի առ ճանապարհին, մինչեւ վերջ բարություն արա էս երկրին, թեկուզ՝ բռնի, բայց բարություն արա, կհասկանան՝ կհասկանան, չեն հասկանա՝ մեղքն իրենց վիզը, պատմությունը իր խոսքը կասի, մի հարյուր տարի հետո կգնահատեն քեզ՝ որպես մեծն բարեփոխիչի: Եկան, ուրեմն, դեմ տվեցին իրեն պատին, ու փաստի առաջ կանգնեցրին: Դե ինքն էլ, քանի որ խիստ ժողովրդավար էր եւ այլոց կամքը հարգող ու լսող, ինչքան էր որ դեմ լիներ, թույլ տվեց, որ իր կամքից անկախ ձեւավորված հանձնաժողովը բարեփոխումների նոր փուլի մեկնարկը տա:

Ինքն, ուրեմն, կողմ չէր, բայց եւ չէր խանգարում, որովհետեւ մտածում էր, որ գուցե հանձնաժողովը, որ իր կամքից անկախ է ստեղծվել, իրապես ճիշտ ուղին է մատնանշում, իսկ ինքն էլ, որքան էլ որ ամենաարդարն ու ժողովրդավարը, բայց եւ մահկանացու է, ու հետեւաբար՝ նաեւ սխալական, ասել է թե՝ գուցե ի՛նքն է այս հարցում սխալվում, եւ հետեւաբար՝ պետք է, որպես իրական ժողովրդավար՝ չխոչընդոտել մարդկանց ինքնաբուխ առաջարկներին, հնարավորություն տալ նրանց կյանքի կոչել իրենց առաջարկները, եւ թող որը բարին է, այն էլ կատարվի: Բայց որպեսզի էնպես չստացվի, որ ինքը շատ կողմ է այս ամենին, կամ էլ, առավելեւս՝ որ հենց ինքն է ամենաշատը կողմ, նա կանչեց իր մոտ խորհրդի կուսակցապետաց, ժողով արեց, հարցրեց նրանց ծանրակշիռ կարծիքը, լսեց նրանց խորհուրդները խորին, ձեռքը խփեց սեղանին՝ ասելով, որ պետք է հաշվի առնել բոլոր կարծիքները, որովհետեւ դեռ վաղուց քանդված էր պատը անվստահության, եւ երդմնակալության օրը միայնակ պարող ցելոֆանը վկա՝ ինքը բոլորի նախագեն է, հետեւաբար եւ՝ պետք է բոլորին ականջալուր լինի, եւ եղավ ականջալուր, եւ ականջ դրեց բոլորի առաջարկներին, եւ ասաց՝ լավ, թող ձեր ասածով լինի, կանեմ այնպես, ինչպես դուք եք պահանջում, բայց չմոռանաք, որ ես նախապես ասել էի, որ ունեմ անհանգստություններ ու մտահոգություններ որոշ, եւ ես նախազգուշացրել էի ձեզ նախապես ու կանխապես, բայց քանի որ ժողովրդի ձայնն Աստծո ձայնն է, հետեւաբար՝ ես դեմ չեմ գնա մեծամասնության պահանջին, որ նաեւ խնդրանք է ու աղերս, եւ կհաստատեմ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, եւ թող հետո ոչ մեկն ինձ չասի, թե ես կողմ էի, եւ առավելեւս՝ որ դա իմ ցանկությունն էր:

Այսպես խոսեց մերօրյա Զրադաշտը, եւ նրա այս խոսքերը տարածեցին ողջ երկրով մեկ հեռուստաալիքները, որ ամենեւին նրա ենթակայության տակ չէին, եւ համոզում էին ազգին հայոց, որ ազգս մինչ այսօր չի տեսել առավել ժողովրդավար ու ազգի դարդերով աԲրող առաջնորդ, ինչպիսին որ ինքն է, միակն ու անկրկնելին, անփոխարինելին, ամենախելացին ու հեռատեսը, հեռահարը ու դիպուկահարը, ամենաբարին ու ամենալավը:

Եւ այսպես, առավոտից երեկո համոզում էին ալիքները, որ ինքը չէ՛ր ուզում, չէ՛ր ուզում, փոփոխություններ չէ՛ր ուզում, բայց ահա իր կամքից անկախ ստեղծված հանձնաժողովը՝ Համբոյի պես նրան զոռով քաղաք էր տանում:

Ու չգիտեին նրանք, կամ չէին ուզում իմանալ, կամ էլ երեւի թե՝ չիմանալու էին տալիս, որ ազգն ամեն օր նույն արձագանքն էր տալիս այս լոլոներին՝ «էդ հեքիաթները կգնաք ուրիշ տեղ կպատմեք…»:

Հ.Գ. Չեմ ուզում՝ դիր ջեբս:

Պարգեւ Ապրեսյան

 

Նախորդ հոդվածը‘Գրանորություն. Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները»’
Հաջորդ հոդվածը‘Շտապօգնության բաժանմունքի բաժնի վարիչը վթարի հետեւանքով մահացել է. Հարուցվել է քր. գործ’