‘Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել օմբուդսմենի վիճարկած նորմը’

808

Սահմանադրական դատարանն այսօր մասնակի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվող մասով, անվավեր և ՀՀ Սահմանադրությանը հակասող է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն:

Կարեն Անդրեասյանի կողմից վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթով ամրագրված են պաշպանի իրավունքները: Մասնավորապես, սահմանված է, որ պաշտպանն իրավունք ունի «քրեական հետապնդման մարմնի առաջարկով մասնակցել իրականացվող քննչական կամ այլ դատավարական գործողություններին, քրեական հետապնդման մարմնի թույլտվությամբ մասնակցել քրեական հետապնդման մարմնի կողմից իր միջնորդությամբ իրականացվող բոլոր քննչական և այլ դատավարական գործողություններին, մասնակցել իր պաշտպանյալի մասնակցությամբ իրականացվող ցանկացած քննչական կամ այլ դատավարական գործողությանը, եթե դա պահանջում է կասկածյալը կամ մեղադրյալը, կամ գործողությունը սկսելիս դրա մասին միջնորդում է ինքը` պաշտպանը»: 

ՍԴ-ն, ելնելով ՄԻՊ-ի դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից, որոշել է այն բավարարել: Ըստ այդմ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ դրանում ամրագրված «քրեական հետապնդման մարմնի թույլտվությամբ» և «եթե դա պահանջում է կասկածյալը կամ մեղադրյալը, կամ գործողությունը սկսելիս դրա մասին միջնորդում է ինքը` պաշտպանը» ձևակերպումների մասով, ճանաչվել է ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի, 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթին և 43-իդ հոդվածի 1-ին մասի դրույթներին հակասող և անվավեր:

Մարդու  իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանը նիստի ավարտից հետո գործակալության հետ զրույցում նշել է, որ  որոշումը հատկապես կարևորում է այն առումով, որ այն «նպաստելու է փաստաբանների, պաշտպանների իրավունքների իրականացման ավելի պատշաճ կարգավորմանը, ավելի բարձր մակարդակով են երաշխավորվելու նրանց իրավունքները քրեական դատավարության մեջ»:

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Նրանք մարտնչելու են հայրենիքի համար’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ’