‘Սահմանադրական «ռումբը»` շտապելու արդյունքը’

5124

Այն պահից սկսած, երբ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը երեկ ԱԺ-ում երդման տեքստն արտաբերելիս հայտարարեց, որ ինքը, փաստորեն, ՍԴ թվով երկրորդ ընտրված դատավորն է, եւ քանի որ մյուս դատավորը գտնվում է արձակուրդում, ինքը ստանձնում է նաեւ ՍԴ նախագահի լիազորությունները, նախկին իշխանականների եւ նրանց կից վերլուծաբանների մոտ մի իսկական հիստերիա սկսվեց:

Ընդ որում, նրանց մեծ մասը սահուն անցնում է իրավական հիմնավորումների կողքով, այն է` իրենց իսկ գրած Սահմանադրությամբ է այդպես ստացվել, որ նախորդ Սահմանադրությամբ ընտրված ՍԴ անդամները ավտոմատ չեն դարձել դատավոր, այն դեպքում, երբ իրենց գրած նոր Սահմանադրությամբ ՍԴ-ն կազմավորվում է բացառապես դատավորներից:

Ընդ որում, զավեշտն այն է, որ առաջին «տուժողը» սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ նախագահ դարձած` այդ նոր Սահմանադրության համահեղինակներից մեկն է` Հրայր Թովմասյանը:

Մարդն ինքը հայտնվել է սեփական ձեռքով գրված տեքստի ճիրաններում, իր իսկ հեղինակած տեքստը ռումբ է դարձել իր իսկ սահմանադրական աթոռի տակ:

Բայց ինչո՞ւ է այդպես ստացվել: Մի՞թե այն պատճառով, որ հեղիակները իրավական առումով գրագետ չէին: Կարծում ենք` ոչ, իրական պատճառը շտապողականությունն էր:

Բոլորս էլ դեռ հիշում ենք, թե ինչպիսի շտապողականությամբ նախկին իշխանությունները նախաձեռնեցին սահմանադրական փոփոխություններ, եւ չնայած Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե կիսանախագահական համակարգից դեպի խորհրդարանական կառավարման համակարգ անցնող փոփոխությունները իր սրտով չեն, ակնհայտ էր, որ այդ փոփոխությունները մեկ նպատակ ունեին. այն է` հնարավորինս սեղմ ժամկետներում արագ կատարել այնպիսի օրենսդրական փոփոխությյունններ, իրավական առումով նախապատրաստել քաղաքական դաշտը այն բանին, որ նախագահական ժամկետի ավարտին Սերժ Սարգսյանը ոչ թե թողնի իշխանությունն ու տուն գնա, այլ սահուն անցում կատարի դեպի իշխանության կառավարման ղեկը` թեկուզ եւ այլ պաշտոնում: Ամեն բան կազմակերպվել եւ նախապատրաստվել էր հենց այդ նպատակով, որ Սերժ Սարգսյանը նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո պարապուրդի չմատնվեր, ժամկետային լայն արանք չմնար, եւ նա բառացիորեն օրերի ընթացքում մի պաշտոնից անցներ մյուս իշխող պաշտոնին:

Այսինքն, նախկիների ամբողջ իրավական միտքը միտված եւ ուղղված է եղել հենց այդ նպատակին, ու հենց այդ պատճառով էլ` այդ իրականում սուղ ժամկետում, ըստ էության, բավարար ժամանակ չեն ունեցել` այլ մարմիններին վերաբերող դրույթները մանրազնին գրելու եւ ձեւակերպելու համար:

Ուշադրությունններն այնքան էր ուղղված դեպի Սերժ Սարգսյանն ու նրա ապագա պաշտոնն ու ապագա պաշտոնավարության իդեալական անցումը, որ մյուսների մասին գրեթե մոռացել էին:

Հենց այդ պատճառով էլ այսօր ունենք այն, ինչ ունենք:

Պարզապես զավեշտն այն է, որ այդ փոփոխությունները հեղինակած ու Սերժ Սարգսյանի իշխանավարությունը երկարաձգելու համար ջանք չխնայած անձը, որ իր կատարած ջանքերի համար նախկին իշխանության բարեհաճությամբ ստացավ ՍԴ նախագահի պաշտոնը` կարծելով, որ արդեն հանգիստ կարող է «վայելել» իր նոր կարգավիճակը, մեկ էլ ու հանկարծ պարզվեց, որ իր գրած տեքստից փլուզվում են հենց իր պլանները: Դա կոչվում է` արագ կարմա, տիկնայք եւ պարոնայք:

Կամ, ինչպես ռուսներն են ասում` «поспешишь- людей насмешишь»:

 

Պարգեւ Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Զելենսկու կուսակցությունը ռադայում կարող է միակուսակցական մեծամասնություն կազմել’
Հաջորդ հոդվածը‘Ատամբաևը անհեթեթ է համարել իրեն ներկայացված մեղադրանքները’