‘Սահմանադրական փոփոխություններից Սերժ Սարգսյանը եւս չի շահի’

1821

Թե ինչ է ուզում անել Սերժ Սարգսյանը, արդեն գիտեն անգամ Մեղրիի Նռնաձոր գյուղում: Իր վերարտադրումն ապահովել ցանկացող Սերժ Սարգսյանը հավատացել է նրանց, ովքեր նրան համոզել են, որ այն հնարավոր կդառնա սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության միջոցով: Սերժ Սարգսյանը հավատացել է նրանց եւ դեմ լինելով խորհրդարանական կառավարմանը` համառորեն ամեն ինչ անում է, որ երկրի կառավարման ձեւը փոխվի, եւ վերածվենք խորհրդարանական հանրապետության: Նա եւ նրա շրջապատը չգիտեն, որ այս փոփոխություններից Սերժ Սարգսյանը եւս չի շահի: 

Եթե Սերժ Սարգսյանը լայնախոհ լինի, ապա Միխայիլ Սահակաշվիլիի օրինակը նրան բավարար կլինի հասկանալ, որ եկել է առանց աղմուկի հեռանալու ժամանակը:

Մի կողմ թողնենք այն քննարկումները, թե այս փուլում Հայաստանին կառավարման ո՞ր համակարգն է ավելի համար, եւ շեշտենք, որ մեզ համար ամենակարեւորը գործող Սահմանադրությամբ առաջնորդվելն է եւ այն չխախտելը: Եթե Սերժ Սարգսյանը ժամանակին չխփեր այնքան տոկոս, որքան ցանկանում է, ապա այսօր ո՛չ երկիրը նման թշվառ վիճակում կլիներ, ո՛չ էլ ինքը կանգնած կլիներ ամեն գնով իշխանությունը պահելու խնդրի առաջ:

Առանց կայացած կուսակցությունների, առանց ամուր միջին խավի, առանց զարգացող փոքր եւ միջին բիզնեսի՝ խորհրդարանական հանրապետության մասին խոսք անգամ լինել չի կարող: Բացի այդ էլ, եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա մեզ համար արդեն իսկ պարզ է, որ իշխանությունները ցանկանում են Հայաստանը վերածել ոչ թե խորհրդարանական, այլ խորհրդային տիպի հանրապետության, որտեղ ՑԿ ԿՊՍՍ-ի վոժդի կարգավիճակում կհայտնվի ԱԺ նախագահը: Իսկ թե ում համար է նախատեսված ԱԺ նախագահի պաշտոնը՝ այդ մասին ակնարկել է հենց Սերժ Սարգսյանը, երբ ապրիլին ասում էր, թե ինքն այլեւս չի ցանկանում նախագահ եւ վարչապետ լինել:

Եւ այս վիճակում, որում գտնվում է Հայաստանը, Սերժ Սարգսյանն էլ չի շահի կառավարման համակարգի փոփոխությունից: Այս մասին նրա մերձավոր շրջապատը նրան չի ասում, քանի որ որքան թույլ լինի նրանց շեֆը, նրանք ավելի շատ ժամանակ կունենան զբաղվել անձնական խնդիրների լուծմամբ: Իսկ խորհրդային տիպի համակարգը իդեալական վիճակ կլինի Կարեն Ավագյանի եւ նրա նմանների համար: Ժամանակ դեռ կա, եւ եթե Սերժ Սարգսյանն ինքը չկասեցնի սահմանադրական «բարեփոխումների» գործընթացը, ապա, միևնույն է` այդ բանը կանեն քաղաքական ուժերն ու հասարակությունը:

Արթուր Բարսեղյան 

Նախորդ հոդվածը‘Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլին փաստաթղթերը հանձնել է՝ ԱՄՆ աշխատանքային վիզա ստանալու համար ‘