Սահման քաջաց- ֆլեշմոբ յուրեանց. ՉԻ

884

Ընդդիմությունը կարգին զբաղմունք է գտել։ Հերթով բոլոր քաղաքներում մեծ հանդիսավորությամբ տեղադրում է Արցախի դրոշը, կողքին լուսանկարվում ու արձանագրում, որ այդ բնակավայրը նույնպես ոտքի է կանգնել։ Բայց որպեսզի լրահոսը միապաղաղ չլինի՝ մի տեղ դրոշը «խոյանում է», մի ուրիշ տեղ՝ «հառնում», «ծածանվում», «փողփողում» և այլն։ Ու դա ներկայացվում է որպես չտեսնված-չլսված խիզախություն՝ կարծես Հայաստանում Արցախի դրոշն արգելված է, իրենք էլ կարող են դրա համար բանտերը լցվել, բայց չեն ընկրկում ահեղ վտանգի առաջ։

Տարօրինակ ֆլեշմոբ է, իհարկե, երբ մի քանի հազար դոլարանոց կոստյումներով «օպերետային հայրենասերներն» իջնում են գերթանկարժեք ավտոմեքենաներից, խեղճուկրակ քաղաքացիների ոգևորված հայացքների ներքո տեղադրում դրոշն ու շարժվում դեպի հաջորդ քաղաքը։ Բայց խնդիրը դա չէ։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ որևէ մեկը նրանց չի հարցնում՝ որպես ի՞նչ եք Արցախի դրոշը Հայաստանի քաղաքներում բարձրացնում, կարող եք՝ գնացեք Հայաստանի դրոշը Արցախի քաղաքներում բարձրացրեք։ Լավ, Հայաստանինը չեք կարող՝ Արցախի՛նը բարձրացրեք։ Օրինակ՝ Ամարասի վրա, որտեղ մի քանի ամիս առաջ կար այդ դրոշը, բայց ռուս խաղաղապահների պահանջով իջեցվեց։ 

Խոսքն, ի դեպ, այն դրոշի մասին է, որը ժամանակին Շուշիում ու Բերձորում էլ էր ծածանվում։ Ավելին՝ 1997-ին հնարավորություն կար հասնել նրան, որ այդ դրոշն այնտեղ հավերժ ծածանվի։ Ընդ որում՝ դա լինելու էր միջազգայնորեն ճանաչված դրոշ (ճիշտ այնպես, ինչպես ԼՂՀ զինանշանը, Սահմանադրությունը, բանակը և այլն), որովհետև կարգավորման այդ տարբերակով անկախ պետականության բոլոր այդ ատրիբուտները միջազգայնորեն ընդունվելու էին, Ադրբեջանն էլ պաշտոնապես համաձայնվել էր։ Բայց՝ չէ։ Այսօրվա «օպերետային հայրենասերներն» այն ժամանակ դավաճանություն էին համարում ցանկացած տարբերակ, որի դեպքում Արցախի դրոշը նաև «Ջրականում» ու «Կովսականում» չի ծածանվելու։ Այդ «գետնին վրայ» էլ հեղաշրջում արեցին։ Ու 20 տարի շարունակ, մինչ Ադրբեջանը միջազգային հարաբերություններ էր կառուցում ու զուգահեռաբար զինվում, սրանք զբաղված էին ֆլեշմոբներով՝ էշերի սպարտակիադա, «պայմանական կույսեր», հոգևորականների շքերթ, ֆուտբոլային դիվանագիտություն ․․․ Իսկ ներքաղաքական կյանքում՝ կեղծ ընդդիմություն, հաճախորդների բուծում, ու միակ պայմանը՝ որ ամեն ինչի համար մեղադրեն «նախկին հանցավոր ռեժիմին»։ Այդ պրոյեկտներից մեկին, ի դեպ, ականատես եղանք ազգովի, երբ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը զարմացած նայում էին իրար՝ երևի իրենք էլ մինչև վերջ չհասկանալով, թե ով և ինչու իրենց «համագործակցրեց»։ Ճիշտ է, հետո «խիյարը թարս բուսնեց», բայց դա արդեն այլ պատմություն է։ Ինչևէ։

Արդյունքում՝ երկրում հաստատվեց այնքան «գաղջ մթնոլորտ», որ ժողովուրդն այդ իշխանություններից ազատվելու համար պատրաստ էր ուսերի վրա իշխանության բերել առաջին պատահած պոպուլիստին ու նրա շրջապատի կիսագրագետ արկածախնդիրների խմբակին։ Այդ խմբակը, հասկանալի է, շատ արագ կործանեց Արցախը, քանդուքարափ արեց անվտանգային համակարգերը, քայքայեց պետական կառավարման ինստիտուտները, ու «օպերետային հայրենասերները» վերջապես երանության մեջ ընկան․ հիմա արդեն կարող են զբաղվել նրանով, ինչով սովոր են՝ դրոշներ տնկել, դրոշներ վառել, բողոքել, «պահանջատիրել» և այլն, ու այդ ամենը՝ առանց որևէ պատասխանատվության։ Չէ՞ որ սեփական քայլերի համար պատասխանատվություն ենթադրում է միայն քաղաքական գործունեությունը, ֆլեշմոբի պատասխանատվությունը ո՞րն է։ Ի վերջո՝ եթե իշխանություններն անգամ 44-օրյա պատերազմն էին ֆլեշմոբի կանոններով վարում, ինչո՞ւ պիտի ընդդիմությունը ֆլեշմոբներով «չփրկի Արցախը»։
Ուղղակի պետականությունն է ափսոս։

Մարկ Նշանյան

4rd.am

Նախորդ հոդվածըՍպասվում է քամու ուժգնացում
Հաջորդ հոդվածըՌետրո. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտները — 2