‘Սամանտա Փաուեր. Քիմիական գրոհում Սիրիայի իշխանություններին մասնակից չհամարելը նշանակվումէ՝ չտեսնելու տալ փաստերը’

1042

Համարել, թե Սիրիայի իշխանություններն առնչություն չունեն օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում քիմիական գրոհի հետ՝ նշանակում է երես թեքել փաստերից: Նման հայտարարությամբ է երեկ հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը: «Դա կոտորած էր, որ հմտորեն կազմակերպել էր ռեժիմը, որը, ինչպես հայտնի է, զարինի ամենախոշոր չգրանցված պաշարներին է տիրապետում: Այլ կերպ մտածելը նշանակում է՝ միտումնավոր կերպով աչք փակել ներկայացված փաստերի վրա»,- նշել է Փաուերը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստում՝ նվիրված ՄԱԿ-ի տեսուչների ներկայացրած զեկույցին: Զեկույցի հեղինակները եզրակացրել են, որ օգոստոսի 21-ի Դամասկոսի Գուտա արվարձանում կիրառվել է նյարդակաթվածահարող զարին գազ, սակայն քիմիական գրոհի պատասխանատվությունը չի դրվում հակամարտության կողմերից որևէ մեկի վրա: Այնուհանդերձ, ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պնդել է, որ 120 մմ տրամաչափի արկերը, որոնք, ինչպես պարզել են փորձագետները, օգտագործվել են Դամասկոսի մոտ, «ռեժիմի կողմից կիրառվել են նաև այլ գրոհների ժամանակ»: Փաուերը հերքել է այն հնարավորությունը, թե նման արկեր կարող էին հայտնվել նաև ընդդիմության ձեռքին: Նա նաև վկայակոչել է ՄԱԿ-ի տեսուչների այն եզրահանգումները, թե կիրառված զարինը շատ ավելի բարձրորակ է, քան այն, ինչ 1988 թ. Սադամ Հուսեյնն էր կիրառել քրդերի դեմ, իսկ գրոհի վայրում հայտաբերված հրթիռների բեկորներից դատելով՝ դրանք ամենևին նման չեն ինքնաշեն սարքերի, այլ պրոֆեսիոնալ հմտությամբ են պատրաստված: Փաուերի խոսքերով՝ «տրամաբանական չէ համարել, թե ընդդիմությունը ներխուժել է ռեժիմի կողմից վերահսկվող տարածք, որպեսզի այնտեղից ռմբակոծի սեփական դիրքերը»:

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն իր հերթին նշել է, թե բազմաթիվ ապացույցներ կան, որ «օսոստոսի 21-ին Գուտայում լայնածավալ սադրանք է իրականացվել, որի նապատակը արտասահմանյան ռազմական միջամտության հանգեցնելն էր»: Որպես սադրանքի ապացույցներից մեկը՝ Չուրկինը հիշեցրել է մայիսին Թուրքիայում ձերբակալված սիրիացի գրոհայինների մասին, որոնց մոտ զարին էր հայտնաբերվել, ինչպես նաև քիմիական զենք պատրաստելու նպատակով «Սիրիայի և Թուրքիային մի շարք քաղաքացիների կողմից 10 տոննա  տարբեր բաղադրանյութեր գնելու փորձերը», փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբովը հայտարարել է, որ սիրիական իշխանությունները Ռուսաստանին են փոխանցել ընդդիմության կողմից քիմիական զենք կիրառելու վերաբերյալ նոր  իրեղեն ապացույցներ՝ չմանրամասնելով, թե ինչի մասին է խոսքը: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մտահոգված է լրագրողների նկատմամբ ճնշումների առիթով’
Հաջորդ հոդվածը‘Կասիլյասի վնասվածքը լուրջ չէ’