‘Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են’

2340

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը առաջիկա շաբաթներին արդեն կարող է կանգնել դատարանի առջև։ «Իգլայի» աղմկահարույց գործով նախաքննությունն ավարտվել է: «Ազատությունը» փոխանցում է, որ մոտ երեք ամիս կալանավորված Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են։ Ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը, Արցախի հերոսն այժմ մեղադրվում է զենքի ապօրինի շրջանառության և փողերի լվացման մեջ: Հանվել է մաքսանենգության հոդվածը, ինչը, փաստաբանի պարզաբանմամբ, նշանակում է, որ Բաբայանը կապ չունի զենքի ապօրինի ներկրման հետ:

Գործի նյութերն արդեն տրամադրվել են կողմերին, դրանց ծանոթանալու համար Բաբայանն ու նրա փաստաբանը տասն օր ժամանակ են խնդրել։ Մեղադրանքի փոփոխությունից հետո, Սամվել Բաբայանին այժմ առավելագույնը 13 տարվա փոխարեն սպառնում է 11 տարվա ազատազրկում։ Ըստ փաստաբանի, ԼՂ նախկին հրամանատարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Ավետիս Քալաշյանի խոսքով, գործի վերաբերյալ առավել մանրամասն կխոսեն մի քանի օրից, նյութերին ամբողջությամբ ծանոթանալուց հետո։

Շարունակությունն՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Գյումրիում’
Հաջորդ հոդվածը‘Հունիսի 9-15-ը Երեւանում ծնվել է 424 երեխա’