‘Սամվել Բալասանյանի ճակատա–«գիրը»’

1840

Նախընտրական «թոհուբոհի» մեջ մի տեսակ աննկատ մնաց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ինքնախոստովանությունը։

Սեփական ճակատին տարիներ առաջ ՕԵԿ «փորագրած», իսկ հետագայում «փորագրությունը» խմբագրած ու վերախմբագրած քաղաքապետը հայտարարեց, որ անհատական որոշում է ընդունել և պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ հիմնավորելով, թե 2008թ. նույնպես պաշտպանել է Սերժ Սարգսյանին։

Փաստորեն, Բալասանյանը հանրությանը հետին թվով տեղեկացրեց, որ հինգ տարի առաջ ծպտյալ սերժական է եղել, քանզի հեղափոխական այն օրերին նա «դե ֆակտո» որոշակիորեն սառեցրել էր ՕԵԿ–ի հետ հարաբերությունները, սակայն հանրային ընկալման մեջ նա մնացել էր որպես Արթուր Բաղդասարյանի թիմակից։ Ճիշտ է, Բաղդասարյանն էլ հետագայում ճամբարափոխ եղավ, բայց դա արեց հրապարակավ, իսկ ահա Բալասանյանը 2008թ. հրապարակավ երբեք չի հայտարարել, որ Սարգսյանին է սատարում։ Իսկ դա նշանակում է, որ նա «տակից» է գործել իշխանության թեկնածուի օգտին։ 

Նկատենք, որ Ս. Սարգսյանն, իրականում, չունի Բալասանյանի աջակցության կարիքը, քանզի իր «ֆեյքերի» հետ է մասնակցում քվեարկությանը։ Սակայն Բալասանյանին դրդել են հայտարարության, որպեսզի ԲՀԿ–ին հարվածեն։ Թե չէ նախապես կեղծված ընտրություններում Բալասանյանի սատարումը գրոշի արժեք չունի Բաղրամյան 26–ի համար։ Նրան պարզապես օգտագործում են Ծառուկյանի դեմ, իսկ նա էլ օգտագործվում է։ Այդքան բան։

Այն, որ Բալասանյանն աշխատելու էր Սարգսյանի օգտին, սպասելի էր։ Նման մարդիկ միշտ իշխանության կողմն են անցնում։ «Ով էշ, ես փալան». ահա՛ այն կարգախոսը, որով առաջնորդվում են բալասանյանատիպ մարդիկ։

Կարծում ենք՝ ժամանակն է, որ Սամվել Բալասանյանն իր ճակատի վրայի գիրը վերանայի ու գրի«Իշխանություն»։ Դա նրան հնարավորություն կտա խուսափել քաղաքական կոնյունկտուրայի փոփոխություններից, պարբերաբար տվայտանքների մեջ չընկնել ու ամեն անգամ փորձության չենթարկել սեփական ճակատը։ 

 

Հ.Գ. Ս. Բալասանյանի որոշումը բնութագրում է ոչ միայն այդ մարդու կերպարը, այլ նաև ցույց է տալիս, թե ինչպիսի վիճակում է գտնվում Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը։ Բալասանյանը գիտի, որ եթե չքծնի Սարգսյանին ու չօգտագործվի ԲՀԿ–ի դեմ, ապա Վարդան Ղուկասյանից ստացած դեֆիցիտային բյուջեի պարագայում չի կարողանալու քաղաքապետ աշխատել առանց պետական դոտացիայի ու իշխանության աջակցության։ Ու դրա համար էլ ճակատի գիրը մաքրել ու գրել է ՀՀԿ, ավելի ճիտ՝ Սերժ Սարգսյան։

Ցավով պետք է արձանագրել, որ եթե հանրապետության երկրորդ քաղաքի ընտրովի ինստիտուտի ղեկավարը ստիպված է քծնել նախագահին, որպեսզի կարողանա քաղաքապետ աշխատել, ապա դա հերթական անգամ ապացուցում է, որ մենք դասական ավտորիտար երկրում ենք ապրում։ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման տարիներին հետևողականորեն ոչնչացրեց տեղական ինքնակառավարման համակարգը, և այդ պարագայում նրա ելույթները իրավական պետության ու ժողովրդավարության մասին պարզապես դատարկ խոսքեր են և դեմագոգիա։

Հ.Գ.–2։ Քաղաքական դաշտի «երկխոսացված» հատվածի ներկայացուցիչները և ծախու մամուլը պարզապես էքստազի մեջ ընկան, երբ Բալասանյանը հայտարարեց, որ Սերժին է սատարելու։ Դա շատ հասկանալի է։ Բանն այն է, որ բոլոր ծախվածներն ուզում են ԲՀԿ–ն ևս «փչանա», որպեսզի իրենց «փչացածությունն» արդարացնելու ձևակերպումներ գտնեն, այսինքն՝ իրենց ծախվածությունը «լեգիտիմացնեն»՝ «Տեսա՞ք, որ մենակ մենք չէինք Սերժի տակ անցել» թեմայով։ Այլ կերպ ասած՝ պոչատ աղվեսը պոչատ աղվես է ման գալիս։ Բայց ինչպես ԲՀԿ–ից պաշտոնապես հայտարարվեց՝ «ԲՀԿ–ն ինչպես որ որոշել էր, Սարգսյանին չի սատարելու, իսկ Բալասանյանն ինչ ուզում է՝ թող անի»։ 

 

Կարեն Հակոբջանյան

www.7or.am

 

Նախորդ հոդվածը‘Բաց է Սելիմի լեռնանցքը’
Հաջորդ հոդվածը‘«Դանդի Յունայթեդի» երիտասարդ կիսապաշտպանի գլուխգործոցը. Տեսանյութ’