‘Սամվել Թեյմուրազյան. Բանականության ճգնաժամ կամ WTF?!’

1337

 

 

Վերջին օրերի ու շաբաթների «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» վիճակներից հաստատապես որոշել էի հեռու մնալ, եթե մի քանի, ըստ իս` ծայրահեղ անտրամաբանական հարցերին գոնե ինչ-որ կերպ պատասխան տրվեր կամ Նիկոլի վերջին հոդվածների առաջացրած կաշայի ու դրան հետևած արձագանքների մեջ մի կերպ դրանց անդրադարձ լիներ:

 

Անտրամաբանություն կամ WTF 1

Մի պահ վերցնենք, որ այն ամենը, ինչ Նիկոլն ասում է Կոնգրեսի կատարած սխալների մասին կատարյալ ու անվրեպ ճշմարտություն է (իսկ Նիկոլը, իրոք, ճշմարիտ բաներ քիչ չի ասում): Հարց. Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելը էդ դեպքում ինչպե՞ս էր դառնում պարտադիր, ազգափրկիչ ինչ-որ մի քայլ: Չէ՞ որ հենց Նիկոլն էր պնդում, որ դա էդպես է: Եթե Կոնգրեսի մի շարք մահաբեր սխալների արդյունքում, ինչպես ինքն է պնդում, արդեն շատ վաղուց առնվազն իր համար պարզ էր դարձել, որ գնում ենք դեպի անխուսափելի գահավիժում, որի մասին, ի դեպ, նա ասում է Լևոնի՝ չառաջադրվելու որոշումից ընդամենը մի երկու շաբաթ հետո իր հրապարակած քլնգոցիներում (հենց քլնգոցի եմ ասում, որովհետև իրադարձությունների միջև Նիկոլի դրած կապն ինձ տրամաբանական չի թվում), ապա ո՞րն էր, արդ, Լևոնի առաջադրումը պահանջելու, մինչ Լևոնի որոշումն իսկ «Լևոն` նախագահ» գոռալու նպատակը: Չէ՞ որ, ըստ Նիկոլի, գնում էինք կործանման, իսկ ինքն էլ միայնակ ի զորու չէր Կոնգրեսում ղեկավարությանը համոզելու, որպեսզի փոխվի նավի կուրսը: Տեսնել վերջնական տապալու՞մ, դրդե՞լ դրան, նպաստե՞լ դրան: Սա՞ էր խնդիրը: Իհարկե ո՛չ: Ծախվածության կամ նման այլ տխմար դավադրության թեզերը գոնե ինձ համար ու գոնե այս պարագայում բացարձակապես անընդունելի են: Բայց խնդիրն այն է, որ Նիկոլի մտքերի ու քայլերի անտրամաբանական ընթացքը մարդկանց առաջին հերթին դրդում է հենց դավադրություն, այլ ոչ բանականության ճգնաժամ որոնելուն: Ուրեմն ըստ Նիկոլի տրամաբանության՝ ստացվում է, որ նա բանտից դուրս գալուց հետո այս ողջ ընթացքում կարծել է` Լևոնի ընտրած կուրսը սխալ է, պայքարին` վնասող, ընդդիմությանը` կործանող, ու միևնույն ժամանակ պնդել է, որ Լևոնը պետք է առաջադրվի, ավելին՝ հայտնի գաղտնալսմանն անմիջապես հաջորդող հայտարարության մեջ նշում է, որ «իրավիճակը թելադրում ու պահանջում է» դա: Ու՞ր է այստեղ տրամաբանությունը:

 

Անտրամաբանություն կամ WTF 2

Նիկոլի հատկապես վերջին հրապարակային խոսքերից ակնհայտ է, որ նա հակադրվում է Լևոնի` այսպես կոչված «դասական», իրականում` ռեալիստ քաղաքական մտքին, որտեղ չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ, ու գաղափարախոսությունը կարող է առժամանակ ստորադասվել քաղաքական շահին: Նիկոլը առերևույթ ավելի շատ հեղափոխական գործիչ է կամ փողոցի մարտիկ բառի բուն իմաստով: Այն է` կոչ է անում ամեն քայլափոխի պայքարել ռեժիմի դեմ, ոչ մի հնարավորություն չկորցնել այդ հարցում, ոչ մի դեպքում չմոռանալ ռեժիմի նախկին սպասարկուներին ու հարկ եղած դեպքում նրանց դեմ ևս սուր ճոճել հանուն գաղափարի: Հարց է ծագում. ինչու՞ արդեն ստեղծված նոր իրողության պարագայում հակասերժական ամենալուրջ թեկնածուի՝ մեր Բագրատյանի, կողքին կանգնելու փոխարեն որոշվեց հիմա մեղավորներ փնտրելով զբաղվել: Մի՞թե ակնհայտ չէր, որ վերոնշյալ քլնգոցիները ա՛յս փուլում հրապարակելը անմիջապես հանգեցնելու է մի կարդաբալետի՝ գլխավորապես ու առաջին հերթին ընդդիմադիրների շարքերում: Իսկ այստե՞ղ նպատակը որն է: Չէ՞ որ սա միայն նպաստեց ու նպաստում է հսկայական էներգիայի կորստին ու բևեռացնող տրամադրությունների ստեղծմանը, երբ ժամանակը կարող էր օգտագործվել հանգիստ ու խորը շնչելու, մինչ այս եղած զարգացումները մարսելու, վերադասավորվելու ու արագ որևէ այլ հակաիշխանական թեկնածուի (Բագրատյանի) շուրջ համախմբվելու փորձեր անելու համար: Չէ՞ որ հեղափոխական նկրտումներ ունեցող, ժամ առաջ երկրում փոփոխության ձգտող քաղաքական գործիչը պետք է օգտագործի ամեն մի պստիկ հնարավորություն ու այդ փոփոխությանը նպաստելու համար գործի դնի ամեն ինչ: Ո՞րն է ուրեմն Նիկոլի խոսքի ու գործի համադրելիությունը: Վերջապես անհասկանալի է, նա քաղաքականության մեջ «դասակա՞ն» գործիչ է, թե՞ ռեժիմի դեմ ամեն հնարավոր շանս օգտագործող փողոցի մարտիկ:

  

Հ.Գ. Մեր քաղաքական ու պետական գործիչները այդպես էլ չսովորեցին իրերն ու իրադարձությունները ՉԱՆՁՆԱԿԱՆԱՑՆԵԼ: Առաջին նախագահն էլ այս սխալից զերծ չի մնացել ո’չ նախագահության ժամանակ, ո՛չ էլ՝ հիմա: Ասում է՝ Սասունը այս երկրի համար այնպիսի բաներ է արել, որ ես նրա գրածը չեմ մեկնաբանի: Էյ, հե՜յ: Այս նույն տրամաբանությունը՞ չէր, որ շատերին պատերազմից հետո սարքեց պատուհաս մեր պետության գլխին: Գիտենք Սասունի ու մյուսների արածը ու երբեք չենք ուրանա, բայց ամեն կատարված քայլ քննելի է միայն իրեն պատկանող քառակուսու մեջ ու միայն տվյալ ժամանակահատվածի համար: Պարույր Հայրիկյանն էլ տասնըքանի տարի բանտ է նստել հանուն անկախացման գաղափարի: Հետո՞: Տաճա՞ր կառուցենք նրա պատվին ու անքննելի՞ հռչակենք:

Նիկոլն էլ արդեն երկար ժամանակ է, ինչ թույլ է տալիս այս սխալը տարբեր ֆորմատներով. սկսած Օսկանյանի մասին հայտնի հոդվածներից, որոնք հարյուր տարի էլ անցնեն, հանրության մեծամասնության ընկալման մեջ մնալու են սոսկ որպես անձնական վենդետայի դրսևորումներ, վերջացրած Լևոնի քայլերի քննադատության որակով ու սկզբունքայնության տարօրինակ ստանդարտներով:

 

Նախորդ հոդվածը‘ԶՈՒ խաղաղապահ զորախմբի նոր հերթափոխը մեկնեց Աֆղանստան’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանում հակառասիստական ցույցեր են տեղի ունենում’