‘Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ղազախստանի վարչապետերի հանդիպումը’

1527

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովին:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում ընդգծվել է Երևան-Աստանա օդային ուղիղ չվերթների կազմակերպման անհրաժեշտությունը:

ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, պաշտոնատար այլ անձինք։

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ գործող նախագահ. Ալիև-Սարգսյան հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության ամրապնդմանը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծել’