‘Սան Մարինոյի հյուպատոսարանը գտնվում է Միքայել Մինասյանի «Ջազզվեի» գրասենյակում. փեսան նաեւ ծպտյալ դիվանագետ է ‘

5489

iLur.am-ն արդեն տեղեկացրել է, որ պարզվում է՝ Հայաստանում կա Սան Մարինո պետության պատվո գլխավոր հյուպատոս, ով ոչ ավել, ոչ պակաս՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Այդ մասին հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ ԱԳՆ-ն հրապարակել է Մինասյանին Վատիկանում ՀՀ դեսպան նշանակելու մասին հրամանագիրը: Հրամանագրին կից ԱԳՆ-ն հրապարակել է նաեւ Մինասյանի միայն անգլերեն լեզվով կենսագրությունը՝ CV-ն, որտեղ սկզբում գրված էր, որ Մինասյանն այդ պաշտոնին է նշանակվել 2005 թվականին: ԱԳՆ կայքի երկկողմ հարաբերություններ բաժնում, սակայն, գրված էր, որ Մինասյանն այդ պաշտոնում նշանակվել է 2008 թվականին: Այսօր ԱԳՆ-ն  մեր հարապարակման հետքերով հայտարարել է, թե Մինասյանի կենսագրականում տեխնիկական սխալի պատճառով 2008 թվականի փոխարեն գրվել է 2005 թվական: Եթե այս պատմության հետ կապված այլ՝ մութ կետեր չլիեին, գուցեեւ կարելի էր ասել, որ մի թիվ է՝ սխալ է գրվել: Սակայն, քանի որ մութ կետեր շատ կան, ապա անգամ այս մեկ թվի տարբերությունը կասկած է հարուցում: Առավելեւս, որ Սան Մարինոյի ԱԳՆ պաշտոնական կայքում գրված է, որ Միքայել Մինասյանը այդ պաշտոնում նշանակվել է 2007 թվականին: Ինչպե՞ս է ստացվել, որ թվերի այսպիսի խառնաշփոթ է առաջացել, ինչպե՞ս է ստացվել, որ մինչեւ հիմա որեւէ տեղ պաշտոնապես չէր նշվել այն հանգամանքը, որ Մինասյանը Սան Մարինոյի պատվո հյուպատոսն է, ինչպե՞ս է ստացվել, որ ոչ մի լրատվական կայքում, ոչ մի թերթում այդ մասին այսքան տարի որեւէ տեղեկատվություն չի եղել, ինչպե՞ս է ստացվել, որ Մինասյանը ի պաշտոնե որեւէ միջոցառում չի կազմակերպել, որը կլուսաբանվեր՝ մնում է միայն կռահել: Սակայն քանի որ թե՛ Սան Մարինոյի պատվո հյուպատոսի եւ թե՛ Վատիկանում դեսպան նշանակվելու կապակցությամբ հարցերը շատ են, փորձենք դրանց անդրադառնալ առանձին-առանձին:

Պատվո հյուպատոսությունը ղեկավարում է պատվո հյուպատոսը, ով աշխատավարձ չի ստանում իրեն նշանակած երկրի կողմից, սակայն, չնայած դրան, այն երկրի պետական ծառայության մեջ է գտնվում, որը իրեն նշանակել է: Պատվո հյուպատոս կարող է լինել ինչպես նշանակող, այնպես էլ՝ ընդունող երկրի քաղաքացին: Պատվո հյուպատոսը ինքն է ֆինանսավորում հյուպատոսարանի բացումն ու աշխատանքների կազմակերպումը, եւ իր աշխատանքները իրականացնում է հասարակական հիմունքներով:  Պատվո հյուպատոսարանը իր հաշվին կազմակերպում է միջոցառումներ, որոնք կարող են կրել սպորտային, մշակութային, առեւտրային եւ գործարար բնույթ: Առաջին հայացքից թվում է, թե պատվո հյուպատոս լինելը ձեւական մի բան է, որը, կոպիտ ասած, ծախսի տակ է գցում նրան, ով նշանակվում է այդ պաշտոնին: Բայց դա՝ միայն առաջին հայացքից, քանի որ այդ ամենի դիմաց պատվո հյուպատոսը ստանում է այնպիսի առավելություններ եւ արտոնություններ, որոնք հատկապես Հայաստանի նման երկրների պարագայում կարող են դառնալ կոռուպցիայի աղբյուր:

Արտոնություններ եւ առավելություններ

  1. 1.    Անձեռնմխելիություն /մասնակի/
  2. 2.    Հյուպատոսական գրասենյակի եւ թղթակցության ամբողջական անձեռնմխելիություն  
  3. 3.    Դիվանագիտական անձնագիր եւ որպես հետեւանք՝ առանց վիզայի տեղաշարժ աշխարհով մեկ
  4. 4.    Առանց մաքսատուրքի ներկրման եւ հյուպատոսարանի անունով գրանցելու 3 ավտոմեքենայի իրավունք
  5. 5.    Դիվանագիտական կարմիր համարանիշների իրավունք
  6. 6.    Հյուպատոսական տարածքների բոլոր հարկերից ազատում
  7. 7.    Իրեն նշանակած երկիր այցելող քաղաքացիներին վիզայի տրամադրման եւ հյուպատոսական դրամական հավաքներից եկամուտ ստանալու իրավունք
  8. 8.    Նոտարական գործողություններ իրականացնելու եւ ԶԱԳՍ-ի ֆունկցիաներ իրականացնելու իրավունք
  9. 9.    tax free խանութ բացելու հնարավորություն

10. Մշակութային, սպորտային միջոցառումներ իրականացնելու իրավունք՝ առանց եկամուտների հարկման

11. Իրեն նշանակող երկրի կողմից մշտական կեցության հնարավորություն, իսկ հետագայում նաեւ քաղաքացիություն ստանալու հնարավորություն:

12. Նշանակող երկրից արտահանման քվոտաներին մասնակցություն ունենալու հնարավորություն

13. Մաքսային զննումից ազատում

 

«Հյուպատոսական կապերի մասին» Վիեննայի կոնվենցիան սահմանում է նաեւ, որ «Հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձինք, բացի նրանցից, ովքեր նստավայր պետությունում զբաղվում են ցանկացած մասնագիտական կամ առևտրային գործունեությամբ` անձնական եկամուտներ ստանալու նպատակով, ազատվում են բոլոր այն պարտականություններից, որոնք պարտավորեցվում են նստավայր պետության օրենքներով և կանոններով` օտարերկրացիների գրանցման և բնակության թույլտվություն ստանալու առնչությամբ»:

Բացի դա, «Հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձը ազատվում է բոլոր հարկերից, գանձումներից և տուրքերից, այն վարձատրությունից և աշխատավարձից, որոնք նա հավատարմագրող պետությունից ստանում է հյուպատոսական գործառնությունները կատարելու համար»:

Նաեւ, «Նստավայր պետությունը հյուպատոսական պատվավոր պաշտոնատար անձանց պետք է ազատի բոլոր աշխատանքային և պետական պարտավորություններից` անկախ դրանց բնույթից, ինչպես նաև զինվորական պարտավորություններից, ինչպիսիք են բռնագրավումը, ռազմատուգանքը և զինվորական օթևան տրամադրելը»:

Կարճ ասած՝ նման պաշտոն ձեռք բերելը հատկապես ձեռնտու է նրանց համար, ովքեր ցանկանում են, որ իրենց բիզնեսները ծաղկում ապրեն, եւ այդ կապակցությամբ օգտվում են այս բազմաթիվ առավելություններից: Իսկ Հայաստանի նման երկրների պարագայում, կարելի է փաստել, որ սա ուղղակի կոռուպցիայի լավ աղբյուր է, որի միջոցով կարելի է բազմաթիվ մութ գործեր անել: Հիմա պատկերացրեք, այս բոլոր առավելություններից օգտվել է Սերժ Սարգսյանի փեսան՝ առանց հանրությանն այդ մասին տեղյակ պահելու:

Տարօրինակ հանգամանքներ

Տարօրինակ հանգամանք է այն, որ Մինասյանը, ըստ էության, 5 տարի Հայաստանում ներկայացրել է այլ պետության շահերը, բայց միեւնույն ժամանակ եղել է պետական կարեւոր պաշտոնների՝ կառավարությունում եւ նախագահականում: Այն էլ՝ այնպիսի պետության շահերը ներկայացնող, որը  Զարգացման եւ տնտեսական համագործակցության կազմակերպության (ԶՏՀԿ) կողմից ներառված է օվշորային համարվող երկրների մոխրագույն ցանկում:

Միայն հիշեցնենք, որ երբ 2011 թվականին Վրաստանի ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ ցանկանում է Վրաստանում զբաղվել քաղաքականությամբ, Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն տարածեց, որտեղ Իվանիշվիլիին հիշեցրեց, որ վերջինս Սան Մարինոյի պատվավոր հյուպատոսն է Վրաստանում, եւ հետեւաբար ներկայացնում է իրեն նշանակած երկրի շահերը:

Երկրորդ տարօրինակ հանգամանքը՝ Սերժ Սարգսյանը իր փեսային նշանակել է Վատիկանում ՀՀ դեսպան, այն պարագայում, երբ վերջինս դեռ շարունակում է մնալ Հայաստանում Սան Մարինոյի պատվո գլխավոր հյուպատոսը: Այսինքն՝ Մինասյանը Վատիկանում ներկայացնելու է մի երկրի շահերը, որտեղ, դե ֆակտո, ներկայացնում է մեկ այլ երկրի շահերը:

Պակաս տարօրինակ չէ նաեւ այն, որ Վատիկանում ՀՀ դեսպանատուն հիմնելու նախագծի մեջ, որը կառավարության վերջին նիստում ներկայացրել էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, նշվում էր, որ դեսպանի նստավայրը պետք է լինի Հռոմում: Այնինչ՝ Սերժ Սարգսյանի հրամանագրում գրված է, որ Մինասյանի նստավայրը լինելու է Վատիկանում:

Մեկ այլ տարօրինակ հանգամանք է այն, որ 2012-ի ԱԺ ներկայացված 2013-ի բյուջեով նախատեսված էին մի շարք երկրներում դեսպանատներ բացելու վերաբերյալ կետեր, սակայն Վատիկանի մասին որեւէ խոսք չի եղել: Իսկ Վատիկանում դեսպանատուն բացելու՝ կառավարությանը ներկայացված նախագծում գրված էր, որ նոր դեսպանատուն բացելու համար հավելյալ գումարներ չեն տրամադրվելու, եւ գումարները կգոյանան այլ դեսպանատների համար արվող ծախսերի խնայողություններից:

Հ.Գ. Ի դեպ, ԱԳՆ կայքում որպես Սան Մարինոյի հյուպատոսարան նշված հասցեում է գտնվում ոչ միայն հիշյալ հյուպատոսարանի շենքը, այլեւ՝ նույն Միքայել Մինասյանին պատկանող «Ջազզվե» ընկերությունը:

 

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Մրցավարների կուրությունը շարքից. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովային ‘