‘Սաշիկի որդին չի կրակել, «Բելաջոն» փակ է եղել, տեսախցիկները չեն նկարել. Մամուլ’

2595

«Ոստիկանությունը «պարզել է», որ նոյեմբերի 27-ին, երբ, ըստ մամուլի, Սաշիկ Սարգսյանի որդին «Բելաջո» ռեստորանի տարածքում հանդես էր եկել կրակոցներով, ռեստորանն ընդհանրապես փակ է եղել և հաճախորդներ չի ունեցել: Այս մասին ասված է ոստիկանապետ Վովա Գասպարյանի՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված նամակում, որը վերջինս ուղարկել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

Առդիր 4 թերթ ծավալով ոստիկանական պատասխանում նախ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Թովմասյանին հավաստիացնում է, որ չնայած նոյեմբերի 27-ին «Բելաջո» ռեստորանային համալիրի տարածքում կռվի, որևէ մեկին մարմնական վնասվածք պատճառվելու կամ կրակոցներ արձակվելու մասին ոստիկանության ստորաբաժանումներում որևէ հաղորդում չի ստացվել, ոստիկանության Կենտրոնականի բաժինը դեկտեմբերի 2-ին թերթի հոդվածն ընդունել է, որպես ահազանգ, գրանցել հերթապահ մասի թիվ 2 մատյանում և կատարել համապատասխան ստուգումներ: Վ. Գասպարյանը խաչագիր ստորագրությամբ փորձել է հաստատել, որ արվել է հնարավորը, այդ թվում՝ զննվել են հարակից տարածքում տեղակայված հիվանդանոցների կրիմինալ մատյանները, սակայն հանցագործության որևէ դեպք չի հայտնաբերվել:

Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Ն. Ավետյանի կազմած եզրակացությանը, որ առկա է նամակում, ծանոթանալով, ցրվում է ոստիկանության՝ նախագահական տոհմական շահերի պաշտպան լինելու վերաբերյալ թեկուզ փոքրիկ կասկածները: Այսպես, հետաքննիչը նախ շատ տրամաբանական հավաստիացում է արել, որ «Բելաջո» ռեստորանային համալիրի հարակից տարածքները զննելու արդյունքում արնանման հետքեր և պարկուճներ չեն հայտնաբերվել: Ոստիկանությունը բացատրություն է վերցրել ռեստորանային համալիրի մենեջեր Հովհաննես Մերջանյանից, որը նշել է, որ նոյեմբերի 27-ին եղել է «Բելաջոյում», սակայն ռեստորանը… փակ է եղել՝ «հաճախորդներ չունենալու պատճառով»: Տեսախցիկների հսկիչ Գևորգ Խաչատրյանն էլ հայտնել է, որ ռեստորանային համալիրի հարակից տեսախցիկի կարգավորումները այնպես է տրված, որ… տեսաձայնագրություններ չի պահպանվում, քանի որ «դրված է օնլայն ռեժիմի վրա»: Եթե հավատանք սրան, ապա «Բելաջոյում» ընդունում են, որ իրենց տեսախցիկները ձևական են, և իրենց մոտ անվտանգությունը, մեղմ ասած, զրոյական մակարդակի վրա է:

Ռեստորանային համալիրի «ստայանշիկ» ոմն Ս. Անդրեասյանը, հայտնել է, որ նոյեմբերի 27-ին ինքն ամբողջ օրը գտնվել է ավտոկայանատեղիում, այդ օրը ռեստորանը փակ է եղել, ուստի այդ պատճառով ավտոկայանատեղիում մեքենաներ չեն եղել: Ի դեպ, բոլոր պարզաբանում տվողները վստահաբար նշել են, որ եթե համալիրի տարածքում միջադեպ տեղի ունենար, իրենք տեղյակ կլինեին: Օպերացիան ավելի «ամբողջական» դարձնելու համար տեսաձայնագրություններ չպահպանելու վերաբերյալ տեղեկանքը տվել է «Բելաջոյի» տնօրինությունը:

Հիշեցնենք, սակայն, որ Հրայր Թովմասյանը դեռևս Աժ-ում Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր, թե պարտադիր չէ, որ ոստիկանությունը թերթի հոդվածի հիման վրա գործողություններ սկսեր: Հիմա ստացվում է, որ ոստիկանությունը ոչ ավել, ոչ պակաս հրապարակման անմիջապես հաջորդ օրը «նախաձեռնել է» համապատասխան գործողություն, ինչի մասին, սակայն, ոչինչ ասված չէ նույնիսկ, իր պաշտոնական կայքում: Չմոռանանք, որ հարցն ավելի քան հանրային նշանակություն ուներ, և ոստիկանությունն իրավունք չուներ լռելու, հատկապես, երբ «Բելաջոն փակ էր»: Ծանոթ լինելով ոստիկանության հատկապես վերջին շրջանի գործելաոճին մամլո հրապարակումների տեղին և անտեղի հերքելու մասով, զարմանալի է, որ ոստիկանությունն իր «բացահայտումները» համեստաբար թաքցրել է հանրությունից, այդ մասին միայն «կեսբերան» գրություն ուղարկելով արդարադատության նախարարին»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘Լրագրողների հետ հանդիպումից խուսափելու «մաստեր կլաս» նախարարի կողմից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են’