‘Սաշուր Քալաշյան. Ծածկած շուկային առնչվող սկանդալից հետո մշակույթի նախարարը պետք է հրաժարական տար’

1014

Ծածկած շուկային առնչվող սկանդալից հետո մշակույթի նախարարը պետք է հրաժարական տար, հայտարարել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մարտի 6-ի մամուլի ասուլիսում: Քալաշյանի ասելով, չկարողանալով կանխել Ծածկած շուկայի շենքի աղավաղումը` նախարարը երկրով մեկ խայտառակ եղավ: «Այդ սկանդալից հետո նա պետք է պաշտոնից հեռանար, ինչն իսկական ապտակ կլիներ կառավարությանը», — նշել է նա:

Քալաշյանը նաև բացասական գնահատական է տվել Գառնիի տաճարի մոտ սրճարանի կառուցման ծրագրերին: Նրա կարծիքով, եթե Պողոսյանն իրոք պաշտպաներ մշակույթի շահերը, ապա կլուծարեր այդ նախագծին «հավանություն» տված փորձագիտական հանձնաժողովը:

Ինչպես նշվել է, հենց ճարտարապետությունն է ժողովրդի դեմքը: Մինչդեռ Հայաստանի անկախության տարիներին իրականացվել է բիզնեսի շահերին նպաստելու քաղաքականություն` շրջանցելով պատմամշակութային հուշարձանների պաշտպանությունը: Արդյունքում` Երիտասարդական պալատը (ժողովրդի շրջանում` «Կուկուրուզնիկ»), «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը և «Ռոսիա» կինոթատրոնի շենքը հանվել են պետական հուշարձանների ցանկից: Երիտասարդական պալատը քանդեցին` հյուրանոցային համալիրի շինարարության նախագծի առնչությամբ, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քիչ էր մնում հողին հավասարեցնեին` դրա տեղում եկեղեցի կանգնեցնելու համար: Ինչ վերաբերում է «Զվարթնոցի» հին շենքին, որը քանդման վտանգի տակ է, Քալաշյանը հիշեցրել է, որ 1,5 ամիս առաջ ճարտարապետների և փորձագետների մի խումբ նամակ է հղել նախագահին` պահանջելով պահպանել խորհրդային պոստմոդերնիզմի այդ հուշարձանը: Ճարտարապետները խոստացել են պայքարել մինչև վերջ, եթե վերադաս  ատյանները հաշվի չառնեն իրենց  պահանջը:

Նախորդ հոդվածը‘Էկոնոմիկայի նախարար. Ուկրաինայի իրադարձությունները և ռուսական ռուբլու արժեզրկումը կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիայի քաղաքական ղեկավարությունը բոյկոտում է Սոչիի Պարալիմպիական խաղերը’