‘Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը չի բացառում Ասադին ուժով տապալելու տարբերակը’

1277

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է ուժով տապալվի, եթե սիրիական ճգնաժամը չհաջողվի լուծել քաղաքական ճանապարհով: CNN-ին շաբաթ օրը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը:

«Ես կասկած չունեմ, որ Ասադը հեռանալու է: Դա տեղի կունենա կամ քաղաքական ճանապարհով իշխանությունը փոխանցելու, կամ ուժային ճանապարհով նրան տապալելու միջոցով»,- հայտարարել է նախարարը:

Ալ-Ջուբեյրը նշել է, որ Էր-Ռիյադը մտադիր է աշխատել սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Ձախողման դեպքում մեղքը կընկնի Սիրիայի իշխանությունների և նրանց դաշնակիցների վրա»,- հավելել է թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է ցամաքային զորքեր մտցնել Սիրիա՝ «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար, սակայն այդ զորքերը կգործեն միայն ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կազմում:

2015 թ. դեկտեմբերին Սաուդյան Արաբիան հայտարարեց, որ ստեղծվել է ահաբեկչության դեմ պայքարի Իսլամական ռազմական դաշինք, որում ընդգրկվել են 34 երկրներ: Արաբական թերակղզու երկրներից այդ ռազմական դաշինքին մասնակցում են Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, Եմենը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Թրամփն ու Բուշը Ռուսաստանի վերաբերյալ տարբեր կարծիքներ ունեն’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ» – «Լեսթեր»֙ 2:1․ հաղթանակ հանդիպման ավելացրած ժամանակի վերջին րոպեին (տեսանյութ)’