‘Սաուդցի բլոգերի հրապարակային մտրակահարությունը հետաձգվել է’

924

Սաուդյան Արաբիայի իշխանությունները մեկ շաբաթով հետաձգել են բլոգեր Ռաիֆ Բադավիի հրապարակային մտրակահարությունը, որին նա դատարանի որոշմամբ դատապարտվել է «իսլամը վիրավորելու» համար: Մարմնական պատժի հետաձգման մասին հայտնել է Amnesty Internatiwnal միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:

Իրավապաշտպանների խոսքով՝ մտրակի 50 հարվածը հետաձգելու որոշումը կայացվել է բանտի բժշկի խորհրդով, ով եզրակացրել է, որ բլոգերի առողջական վիճակը թույլ չի տալիս կիրառել պատիժը: Դատարանի որոշմամբ՝ Բադավին 20 շաբաթ պետք է ստանա մտրակի 50 հարված: Առաջին մտրակահարությանը նա ենթարկվել է հունվարի 9-ին: Համացանցում տեսագրություն էր տեղադրվել, որտեղ սպիտակ շապիկ հագած Բադավիին մտրակահարում են բավական հաստ մտրակով:

BBC-ի Մերձավոր Արևելքի երկրների թղթակիցը հաղորդել է, որ բլոգերի դատավճիռը մեծ վրդովմունք է հարուցել ամբողջ աշխարհում, ինչն անակնկալի է բերել սաուդյան իշխանություններին:

Անցյալ տարի մայիսին Ռաիֆ Բադավին, որը «Սաուդյան Արաբիայի ազատական ցանց» ինտերնետ-կայքի հիմնադիրն է, իսլամը վիրավորելու, կիբեռհանցագործությունների և հորը չհնազանդվելու մեղադրանքներով դատապարտվել է 10 տարի ազատազրկման, մեկ միլիոն սաուդյան ռիալ (մոտավորապես 266,6 հազար ԱՄՆ դոլար) տուգանքի,  ինտերնետից օգտվելու և10 տարի ժամկետով երկրից դուրս գալու արգելքի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վրաստանի ՆԳ նախարարը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Ռիբերի. ««Ոսկե գնդակ»-ն ամբողջությամբ քաղաքականություն է»»’