Սարգիս Միքայելյան․ Քաղաքական Նախադեպի Հրամայականը

15335

Սարգիս Միքայելյանը Ֆեյսբուքում գրում է․

Հայաստանում ինչի նախադեպ ասես՝ կա: Կա բոլոր ռեսուրսներով մի քանի անգամ գերազանցող թշնամու հանդեպ հաղթանակի նախադեպ (92-94-ին), կա պալատական հեղաշրջման նախադեպ (98-ին), կա Մարտի 1-ի նախադեպ և դրա համար ոչ մի պատասխանատվության նախադեպ, կա «աննախադեպ»-ի նախադեպ, փաստորեն… Կա պետության ղեկավարի կողմից ստեղծված իրավիճակում լուծումից խուսափելու նախադեպ՝ «բա ինձ կասեին դավաճան» հիմնավորմամբ… Շարքը շարունակել ցանկացողները կարող են իրենք շատ տարբեր այլ սոցիալ-քաղաքական երևույթների նախադեպեր գտնել մեր նորագույն պատմությունում: Սակայն մի կարևոր նախադեպ դեռ չկա և կարծես թե չի ստացվում. երկիրը վարի տվող իշխանության դեմ ԲՈԼՈՐ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ քաղաքական ուժերի, նախկինում իրար հետ անթիվ տարաձայնություններ ու սուր վեճեր ունեցած լիդերների դաշինքի նախադեպը: Դա խիստ կարևոր քաղաքական նախադեպ կարող էր լինել մեր երկրի համար: Դա այն է, ինչ առաջարկեց Լևոն Տեր-Պետրոսյանը, և ինչը մերժվեց նախկին երկու նախագահների կողմից: Իմ խորին համոզմամբ, այդ տեղի չունեցած քաղաքական նախադեպը կարող էր տասնամյակներով ապահովագրել Հայաստանին այսպիսի, մեղմ ասած, Չիշխանություններից: Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի կենսագործումը և հաջողումը ապագայում տեղի ունենալիք քաղաքական գործընթացների համար կնշանակեր, որ. — Տարիներ անց, ինչպիսի աննախադեպ հեղափոխությամբ էլ ձևավորվի իշխանություն, նրա վատ գործելու պարագայում նրա դեմ կարող են միավորվել երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերը՝ անկախ իրար մեջ ունեցած լուրջ տարաձայնություններից: Սա միաժամանակ և՛ լրացուցիչ հույս ու վստահություն կլիներ հանրության համար՝ հետագայում երկրին պատուհասող վատ իշխանությունների դեմ, և՛ էապես կզսպեր այդպիսի իշխանություններին: — Որևէ իշխանություն այլևս չէր կարողանա հենվել իր հիմնական քաղաքական ախոյանների միջև անհաղթահարելի տարաձայնությունների հաշվարկի վրա, ասել է թե՝ չէր կարողանա մտածել, որ «դրանք միավորվողը չեն, իրար հետ լիքը հարցեր ունեն»: Իսկ սա նշանակում է, որ ապագայում ցանկացած իշխանություն իրեն կպահեր ավելի կոռեկտ ու ավելի պատասխանատու: — Հասարակության մեջ, հանրային գիտակցությունում կստեղծվեր վստահություն առ այն, որ երկրին սպառնացող լուրջ վտանգների դեպքում բոլոր քաղաքական ուժերը, բոլոր՝ իրար հետ լրջագույն տարաձայնություններ ունեցող լիդերները պատրա՛ստ են մի կողմ թողնել ամեն ինչ ու միավորվել երկրի փրկության նպատակի շուրջ: Հետևաբար՝ հանրությունը երբեք «իրեն մենակ չէր զգա» վատ իշխանությունների (կամ Չիշխանությունների) հանդիման, այլ կդառնար պահանջատեր երկրի այդ ժամանակվա բոլոր հիմնական քաղաքական ուժերից. «Լավ, սրանք վատն են, իսկ դու՞ք: Հապա մի արագ միավորվեք՝ ինչպես էն ժամանակ, վատի դեմ»… Եվ այլն: Միավորումը տեղի չունեցավ, ինչևէ: Քաղաքական նախադեպը, որն, իմ կարծիքով, այսօրվա Հայաստանում հրամայական էր նաև վաղվա՛ Հայաստանի համար, չկայացավ: Կամ հուսանք, որ միայն դեռև՛ս չկայացավ:

Նախորդ հոդվածըԼԺՀ ղեկավարը գնահատել է Ուկրաինայի նախագահ դառնալու՝ Պոռոշենկոյի շանսերը
Հաջորդ հոդվածըԱրտակ Հարությունյան․ Տեր-Պետրոսյանը խոսել է բաց ու թափանցիկ