‘Սարգսյանը Գյուլին համարում է լայնախոհ ու իր երկրի շահը գիտակցող’

1027

Սերժ Սարգսյանը Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլին լայնախոհ մարդ է համարում: Համենայնդեպս, Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի եթերում պատասխանելով հարցին` ինչպիսի՞ ռեակցիա կցուցաբերի թուրքական կողմը` 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերին եւ արդյո՞ք հրավերն Աբդուլլահ Գյուլի սրտով էր, Սարգսյանը նշել է. «Աբդուլլահ Գյուլը հնարավորություն չի ունենա, ամենայն հավանականությամբ, այդ հարց քննարկելու, երբ ժամանակը գա, քանի որ նա հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին եւ որպեսզի այդ հարցի պատասխանն ավելի հստակ ունենանք, մնացել է ընդամենը երկու շաբաթ, բայց ես գնահատում եմ Գյուլին, որպես քաղաքական գործչի, քանի որ, իմ համոզմամբ, նա լայնախոհ մարդ է եւ շատ լավ գիտակցում է իր երկրի իրական շահը»:

Իսկ թե կգա՞ Թուրքիայի ընտրված նախագահը, ով էլ լինի, հնարավոր կլինի իմանալ ընտրություններից հետո կամ էլ ապրիլի 24-ի նախօրյակին: «Հայ թուրքական հարաբերությունների, Ցեղասպանության հետ կապված, բնական է, որ մինչեւ 100-րդ տարելից ես ունենալու եմ բազմաթիվ հնարավորություններ, ինչպես առանձին հարցազրույցների տեսքով, այնպես էլ ելույթների տեսքով իմ կարծիքն արտահայտել այս հարցի շուրջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարեց Սարգսյանը:

Սարգսյանը մայիսի 27-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստին Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստան` 2015թ. ապրիլի 24-ին: Այդ հայտարարությունը Սարգսյանը իբր հիմնավորել էր նրանով, թե եթե «եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին»:

Նախորդ հոդվածը‘ Բելգիա- Ալժիր խաղն ավարտվեց բելգիացի ֆուտբոլիստների հաղթանակով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանը ՄՄ-ի արդյունքներից օգտվել է համարում գազի «չեղած» գինը’